Փաշինյանը փորձեց ինքնապաշտպանվել աշխատավարձերի գաղտնի բարձրացման հետ կապված հարցադրումների ժամանակ

Ազգային ժողովում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ բնականաբար չշրջանցվեց նաեւ պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացման հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան այս առնչությամբ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մանուկյանի հնչեցրած հարցի, թե ինչու է նախարարների և փոխնախարարների վարձատրությունը գաղտնի որոշմամբ բարձրացվել, ասաց, որ ինքը դեռ անցյալ անգամ, ամիսներ առաջ, պարգեւավճարների հետ կապված սկանդալի ժամանակ է հայտարարել, որ պաշտոնյաները պետք է արժանապատիվ վարձատրվեն եւ բարձրացումն արվել է բյուջեով, որն էլ ընդունել է ԱԺ-ն։ Էդմոն Մարուքյանը սակայն հակադարձեց, որ որոշմամբ վարչապետը շրջանցել է օրենքը եւ ընդունված սանդղակը առանց խորհրդարանի համաձայնության փոխել է, ինչի Փաշինյանը նկատեց, որ այդ սանդղակը վաղուց է խախտվել եւ ըստ էության այդպես չի գործում արդեն։ «Մենք պրոցեսը արել ենք հրապարակային, ասել եմ, որ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեն մի քանի մարմիններ, մենք հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար պարգևատրումային ֆոնդ ենք սահմանում և բյուջետային քննարկումներին դրա մասին խոսել ենք և քվեարկել եք: Նաև հայտարարել եմ, որ ԱԱԾ, ոստիկանության այլ մարմիններում այդ պարգևավճարումներով աշխատավարձերը փաստացի բարձրացրել ենք: Որ ասում եք առանց օրենքի փոփոխության՝ ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս գումարները նախատեսված են եղել, որևէ ուրիշ տեղից փող չենք կտրել ու աշխատավարձերը ավելացրել, այլ այն հոդվածից է, որը դուք ընդունել եք»,-ասաց գործադիրի ղեկավարը հավելելով նաեւ, որ այդ որոշումը կայացվել է նախ, որպեսզի հավասարություն լինի և պաշտոնյան այդ անհարմար վիճակից դուրս գա, երբ պաշտոնյան ինքն իրեն պարգևատրում է նշանակում: Ուշագրավ է այն, որ վարչապետն իր խոսքում նաեւ նկատել է, որ կառավարությունը համարել է, որ հանրության հետ բավարար չափով քննարկում ունեցել է, որպեսզի լուծի այդ հարցը։ Ի դեպ, բանավեճը նաեւ գաղտնի գրիֆի շուրջ ծավալվեց եւ Փաշինյանը փորձեց ինքնապաշտպանվել ասելով, որ գաղտնիության մասին տեղին չէ խոսել, քանի որ նախարարները հայտարարգրեր են լրացնում եւ դա երեւում է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )