Հռոմում կենդանիների պաշտպանները կոչ են արել արգելել ձիակառքով զբոսանքները
Հռոմում կենդանիների իրավունքների պաշտպանները կոչ են արել քաղաքի իշխանություններին արգելել ձիակառքով («բոտտիչելլե») զբոսանքը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Independent-ը:
Աղբյուրը նշում է, որ պատճառը համացանցում հայտնված տեսանյութն է, որում երևում է, թե ինչպես է ձիերից մեկն ընկնում փողոցում: Ականատեսների պնդմամբ՝ կենդանին սայթաքել է կոյուղու դիտահորի կափարիչի վրա և կորցրել հավասարակշռությունը, սակայն կառապանը նույնիսկ կանգ չի առել և հրաժարվել է դիմել անասնաբույժի:
«Մենք անընդունելի ենք համարում կառապանի պահվածքը, որը շարունակել է ճանապարհն՝ առանց կենդանուն օգնություն ցույց տալու»,- ասել է Կենդանիների իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության աշխատակից Ռինալդո Սիդոլին:
Կենդանիների իրավապաշտպանները հորդորում են Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիին արգելել ձիով կառքերի շահագործումը՝ այդպիսով կանխելով նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը:
Հռոմում այժմ շահագործվում է մոտ 80 ձի, 32 հոգի ունեն ձիակառք վարելու լիցենզիա: Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին ասել է, որ նոր լիցենզիաներ այլևս չեն տրամադրվի:
