Ալավերդիում միջադեպ եղել է, ՔՊ պատգամավորի անունը չկա մասնակիցների մեջ. ՆԳՆ

Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչյանին ծեծի ենթարկած տղաներից մեկի մեքենայի վրա:

Տեղեկության իսկությունը պարզելու նպատակով Tert.am-ը կապ հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հետ:

Վերջինս տեղեկացրեց, որ Թումանյանի և Լոռու մարզի վարչության ոստիկանության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել Ալավերդիում հնչած կրակոցների վերաբերյալ:

Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ կրակոցներ են հնչել, միջադեպի մասնակից անձանց շրջանակներն էլ բացահայտված է:

«Անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են արձակվել, նախաձեռնվել է քրեական վարույթ: Անձանց շրջանակը ճշտված է և ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերման ուղղությամբ»,- մանրամասնեց խոսնակը՝ պնդելով, որ միջադեպի մասնակից անձանց շրջանում ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի անունը չկա:

Միջադեպի վերաբերյալ Tert.am-ը փորձեց  կապ հաստատել  նաև Արեն Մկրտչյանի հետ: Նա, սակայն, մեր հեռախոսազանգերն չպատասխանեց:

Ի  դեպ, պատգամավորը իր ֆեյսբուքի էջում գրել է, որ Ալավերդիում տեղի ունեցած իմպիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում «մարսել» կատարվածը` փորձելով մամուլով մրոտել, արատավորել իր բարի համբավը։

Share This