Պետդեպը հավանություն է տվել Իսրայելին 147,5 մլն դոլար արժողությամբ 155 միլիմետրանոց արկերի վաճառքին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել Իսրայելին 147,5 մլն դոլար արժողությամբ 155 միլիմետրանոց արկերի վաճառքին։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Պենտագոնի անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի եւ զենքի մատակարարման համար։

Ինչպես վկայում է փաստաթուղթը, խոսքը  M107 տրամաչափի բեկորաֆուգասային արկերի եւ ուղեկցող սարքավորումների մատակարարման մասին է։ «Պետքարտուղարը Կոնգրեսին է ներկայացրել արտակարգ հանգամանքների առկայության մանրամասն հաստատումը, որոնք պահանջում են անհապաղ Իսրայելին վաճառել ռազմական նշանակության նշված ապրանքները՝ ի շահ Միացյալ Նահնագների ազգային անվտանգության»,- նշվել է հայտարարությունում։

«ԱՄՆ-ն կողմնակից է Իսրայելի անվտանգությանը, Իսրայելին ցուցաբերվող օգնությունը ինքնապաշտպանության ոլորտում համապատասխանում է ԱՄՆ կարեւոր ազգային շահերին»,- նշել են Պենտագոնում։ Ինչպես նշված է տեքստում, արկերի վաճառքը հրեական պետությանը «չի փոխի բազային ռազմական հավասարակաշռությունը տարածաշրջանում»։ Արկերը կհանձնվեն Իսրայելին ԱՄՆ պաշարներից, քանի որ Պենտագոնում կարծում են, որ դա «չի անդրադառնա» ամերիկյան ԶՈւ «մարտունակության վրա»։

Share This