ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔՊ-Ն ՀԱՂԹԵԼՈՒ Է․ ՔՊ-ԱԿԱՆ
Հարցազրույց Գյումրիից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ
-Պարոն Սարուխանյան, տեղեկություն կա, որ ՔՊ-ն պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների, ի՞նչ շանսեր ունի ձեր ուժը Գյումրիում, վերընտրվելու հավանականությունը որքա՞ն եք գնահատում։
-Հերթական ընտրությունների ժամանակ ՔՊ-ն հաղթելու է։
-Ուզում եք ասել, որ իշխող ուժը հանրության կողմից վայելում է 2018թ․-ի վստահությու՞նը։
-2018թ-ին ՔՊ-ն Գյումրիում ստացել է 53 տոկոս ձայն, իսկ 2021թ․-ի ԱԺ ընտրություններում՝ 61 տոկոս։
-2021թ․-ից հետո Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք մեծ կորուստներ ունեցանք, Արցախը հանձնվեց Ադրբեջանին, եղան նոր զոհեր, գերեվարվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Մի՞թե այսքան կորուսներից հետո վերընտրվելու շանսերն այդքան բարձր եք գնահատում։
-Վերցնելով Արցախի իշխանությունը, Դաշնակցությունը բառի բուն իմաստով հանձնեց Արցախը։ Արցախի «ՀՅԴ» խմբակցությունն ընտրեց նախագահ, եւ իրենց ընտրած նախագահը հանձնեց։
-Դաշնակցությունը Արցախի խորհրդարանում ամենափոքր խմբակցությունն էր, Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի ԱԺ պատգամավորների մեծամասնության քվեով։
-Այո, Դաշնակցությունը հանձնեց, ու ոչ միայն Արցախը, այլ նաեւ Արցախի զինտեխնիկան։ Հանրությունը գիտի այս ամենը եւ իր գնահատականը կտա։
-Հանրության գիտակից հատվածը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքական ամենաբարձր պաշտոնները զբաղեցնող անձինք՝ մեկը մյուսին հերթ չտալով կրկնեցին Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին հայտարարությունը։ Դուք պնդում եք, որ Սամվել Շահրամանյանը եւ Դաշնակցությունն են հանձնել Արցա՞խը։
-Այո, այո։
-Իսկ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, դա նորմա՞լ եք համարում։
-Տեսեք, Հայաստանի վարչապետը պատասխանատու է Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետրի եւ ՀՀ բնակիչների ու քաղաքացիների համար։
-Այդ դեպքում Արցախը ինչու՞ ճանաչեց Ադրբեջանի մաս, եթե պատասխանատվություն չէր կրում ո՛չ Արցախի, ո՛չ էլ այնտեղ ապրող մեր հայրենակիցների համար։
-Չկա նման բան։ Ես պարզ ասեմ՝ վարչապետը ճանաչել է ՀՀ-ի ինքնիշխանությունը, պետականությունը, պետական սահմանները։
-Դուք փաստորեն հերքու՞մ եք՝ Նիկոլ Փաշինյանը Արցախը չի՞ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, մեզ խաբե՞լ են։
-Իսկ կա՞ մի երկիր, որը Արցախը համարում է առանձին պետություն։
-Ի՞նչ կապ ունի որեւէ այլ երկրի դիրքորոշումը, երբ հարցս վերաբերում է Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուն։ Եթե Փաշինյանը, ինչպես Դուք եք ասում, միայն Հայաստանի վարչապետն է, ո՞վ էր նրան լեգիտիմ իրավունք տվել այսպես վարվել Արցախի եւ այնտեղ ապրող հայերի հետ։
-Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս, ես պարզ ասում եմ՝ ՀՀ վարչապետը ՀՀ-ի սահմանները եւ տարածքային ամբողջականությունն է ֆիքսել։
-Ֆիքսել է՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մա՞ս։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Պրահայի հայտնի հայտարարությունից հետո փակվեց Լաչինի միջանցքը, եւ սկսվեց արցախահայության «ցեղասպանությունը»,պատասխանատվություն չկա՞։ Շարունակում եք պնդել, թե Փաշինյանը Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մա՞ս։
-Իսկ Հայաստանի մա՞ս է եղել Արցախը։
– Արցախը չե՞ք համարում պատմական Հայաստանի մի մաս։
-Վարչապետը ուներ միայն Հայաստանի մասով որոշում կայացնելու իրավունք։
-Ինչու՞ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, ուզում եք ասել, որ սխալ որոշում է եղե՞լ։
-Ոչ թե ճանաչեց, այլ ֆիքսեց ՀՀ տարածքային ամբողջականությունը։
