Երաժիշտ լինելու ամենամեծ բարդությունը միշտ ազնիվ մնալն է. Նարեկ Հախնազարյան
Նոյեմբերի 16–ին Երեւանում մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը։ Կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը բացվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգով։ Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Նարեկ Հախնազարյանի հետ զրուցել ենք համերգի, նրա հետագա ծրագրերի եւ թավջութակի հանդեպ նրա մեծ սիրո մասին։
Միշտ տարբեր երկրներում եք շրջագայում։ Արդյոք արդեն որպես հյո՞ւր եք վերադառնում հայրենիք։
Որքան էլ ես արտերկրում ելույթ ունենամ, որքան էլ շատ շրջագայեմ, Հայաստանը միշտ ինձ համար եղել է, կա ու կլինի իմ հայրենիքը։ Ես երբեք որպես հյուր չեմ վերադառնում Հայաստան։ Հայ ունկնդիրը ինձ համար իմ հարազատ, բարեկամ ունկնդիրն է։ Անկախ նրանից՝ որքան եմ ելույթ ունենում օտար երկրներում, Հայաստանը միշտ ինձ համար տուն է՝ և մարդկային, և՛ մասնագիտական առումով։
Ի՞նչ է Ձեզ համար երաժշտությունը:
Երաժշտությունը ինձ համար ամեն ինչ է, և կյանքի, իմ կյանքի ամենակարևոր իմաստներից մեկը։ Չեմ կարողանում կյանքս պատկերացնել առանց երաժշտության։ Եվ, ճիշտն ասած, ինձ թվում է, յուրաքանչյուր մարդու համար, կապ չունի՝ երաժիշտ է, բժիշկ է, թե այլ մասնագիտությամբ է զբաղվում, կյանքը առանց երաժշտության շատ-շատ տխուր է։ Շատ ծանր կլինի մեր կյանքն առանց դրա։ Ես ինձ համարում եմ բախտավոր մարդ, քանի որ ունեմ այդ հնարավորությունը՝ զբաղվել երաժշտությամբ, նվիրել ուրախության, երջանկության պահեր ունկնդրին, միաժամանակ ինքս էլ ստանալ գերագույն բավականություն այդ պրոցեսից։
Ի՞նչ եք զգում նվագելիս։
Որևէ ստեղծագործություն կատարելիս ես չեմ կարող հստակ ասել՝ ինչ եմ զգում, որովհետև ամբողջովին խորասուզվում և կորում եմ կոմպոզիտորի գրած ստեղծագործության մեջ։ Ես փորձում եմ ուղղակի ունկնդրին փոխանցել այն զգացողությունները, գույները, երանգները, հուզմունքները, որոնք, իմ կարծիքով, կոմպոզիտորը զգացել է այս կամ այն ստեղծագործությունը գրելիս։ Եվ դա է իմ գործողությունը կատարման ժամանակ։ Երաժիշտը կամուրջ է կոմպոզիտորի և ունկնդրի միջև։ Երաժիշտները պետք է փոխանցեն կոմպոզիտորի խոսքը, զգացմունքները ունկնդրին։
Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ թավջութակին վերաբերում եք որպես կնոջ։
Այո՛, թավջութակն ինձ համար միանշանակ կանացի է։ Այսինքն, իմ թավջութակը։ Իհարկե, եթե գլոբալ խոսենք, թավջութակի ձայնը, թանձրությունը և ամեն ինչը երևի ավելի համապատասխանում են տղամարդու ձայնի տեմբրին, բայց իմ գործիքն ինձ համար կանացի է, որովհետև ես այնպիսի քնքշությամբ եմ վերաբերում իմ գործիքին, ինչպես տղամարդը վերաբերում է կնոջը։
Ո՞րն է երաժիշտ լինելու ամենամեծ բարդությունը։
Երևի միշտ ազնիվ մնալը քո մասնագիտության, քո արվեստի հանդեպ, որովհետև ժամանակակից աշխարհում շատ հեշտ է ինչ-որ տենդենցիաներին ենթարկվել եւ մոռանալ մեր մասնագիտության իսկական ու խոր իմաստը։ Իսկ ամենալավ կողմը, իհարկե, ինչպես ասում են՝ բժիշկները բուժում են մարդկանց մարմինը, երաժիշտները՝ հոգին։ Ես դա զգում եմ։ Իսկապես, երաժշտությունը բուժում է։ Այն ունկնդրին պարգևում է երջանկության պահեր։
Ո՞վ կամ ի՞նչն է ամենամեծ ազդեցությունն ունեցել Ձեր մասնագիտական ճանապարհի ընտրության հարցում։
Գիտե՞ք, երևի չկա մի որևէ կոնկրետ մարդ… Թերեւս ամենամեծ ազդեցությունը ինձ վրա թողել են և մինչև հիմա թողնում են իմ ծնողները, որոնք փայլուն երաժիշտներ են. հայրիկս՝ Սուրեն Հախնազարյան, ջութակահար է, մայրիկս՝ Գայանե Հախնազարյան՝ դաշնակահարուհի։ Իրենք իմ կյանքի, կարելի է ասել, ամենակարևոր ուսուցիչներն են։ Բայց ես եղել եմ շատ բախտավոր, քանի որ ունեցել եմ լավ դասախոսներ, երաժիշտներ, կոլեգաներ։
Ի՞նչ տարբերություն կա Հայաստանի եւ օտարերկրյա բեմերի միջեւ։
Շրջագայությունը երաժշտի կյանքի կարեւոր մասն է, և ես իմ կյանքի այդ հատվածը շատ եմ սիրում։ Սիրում եմ շրջագայել, բացահայտել նոր տեղեր, նոր երկրներ, քաղաքներ, ծանոթանալ նոր մարդկանց հետ։ Ամեն երկիր ունիկալ է, բայց կան մի քանի երկրներ, որոնք ես առանձնացնում եմ որպես իմ ամենասիրելիներ՝ օրինակ, Ճապոնիան, որի համար ես ուղղակի խենթանում եմ։ Իտալիան եմ շատ սիրում, Իսպանիան։ Բայց, իհարկե, ամեն անգամ վերադառնալ Հայաստան և ելույթ ունենալ հայրենի ունկնդրի համար աննկարագրելի զգացողություն է, որովհետև հարազատ ունկնդիրը բոլորից է տարբերվում։
Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջազգային փառատոնին նաեւ Բախ կատարեցիք։ Ինչո՞ւ հենց Բախ։
Արամ Խաչատրյանը կարևորագույն մարդկանցից մեկն է ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային մշակույթում։ Նրան ամբողջ աշխարհում են ճանաչում եւ սիրում։ Ես նույնպես բացառություն չեմ. Արամ Իլիչի արվեստը, տաղանդը շատ եմ սիրում։ Մասնակցել նրա 120-ամյակին նվիրված միջոցառմանը՝ մեծ հաճույք էր և պատիվ։
Որպես բիս՝ ես որոշեցի նվագել Բախի «Սարաբանդը», որովհետև այն բոլոր ողբալի իրադարձություններից հետո, որոնք կատարվեցին մեր ազգի հետ այս տարի և վերջին տարիների ընթացքում, զգացի, որ մի փոքր հանգստություն է պետք մեր հոգիներին։ Ավելի լավ, քան Բախի երաժշտությունը ոչ մի այլ երաժշտություն այդ հանգստությունը չի կարող պարգևել։
Առաջիկայում ի՞նչ անելիքներ ունեք:Արամ Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգից հետո կայացավ իմ Հայաստանի դեբյուտը որպես դիրիժոր։ Հիմա գտնվում եմ Վիեննայում, ելույթ ունեցա տեղի կամերային նվագախմբի հետ՝ որպես սոլիստ։ Մեկնում եմ Իսպանիա, որտեղ ելույթ կունենամ մի քանի համերգներով… Եվ այլն, և այլն։ Հետագա պլանները շատ վառ են, լի նոր իրադարձություններով։
