Սուքիասյանների ընտանիքի բիզնեսը ծաղկում է պետբյուջեի հաշվին. միլիոնավոր դրամների հերթական գնումը․168

13 միլիոն 886.775 դրամ. ահա այսքան է դեկտեմբերի 13-ին Ներքին գործերի նախարարության հերթական ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի գինը: Իսկ մատակարարը պետական գնումների ֆավորիտ «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունն է, գրել է 168.am-ը։

Այս ընկերությունը պատկանում է ԱԺ իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:

Շուրջ 14 միլիոնանոց այս պայմանագրով «Սիլ»-ը կիրականացնի «ԿԱՍԿՈ» և «ԱՊՊԱ» ապահովագրական ծառայություններ:

Այսպիսով, «Սիլ ինշուրանս»-ը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության պետգնումների սրտի մատակարարը:

Տարեսկզբից արդեն իսկ մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգով տարբեր խոշոր գնումներ արվել էին այս ընկերությունից:

Նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը մեկ անձ ընթացակարգով պատվիրակել է «ՍԻԼ ինշուրանս» ԱՓԲԸ-ին՝ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ: Պայմանագրի գինը ՝ 6 միլիոն 371.000 դրամ:

Այս տարվա հուլիսին  դարձյալ Ներքին գործերի նախարարությունը հրատապ մեկ անձ ընթացակարգով այս ապահովագրական ընկերության հետ կնքել է պայմանագիր շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների (ԱՊՊԱ) համար. այս գնումը նախարարությանն արժեցել է 5 միլիոն 600.000 դրամ:

Ի դեպ, Ներքին գործերի նախարարությունը դեռ տարեսկզբին ոչ մրցակցային ընթացակարգով մեկ այլ պայմանագիր էլ էր կնքել. հունվարի 16-ին մեկ անձ ընթացակարգով այդ պայմանագրով «Սիլ ինշուրանսը» պետք է իրականացներ շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ՝ ընդհանուր 39 միլիոն 984.000 դրամ գնով:

ՀՀ վարչապետի աշխատակազմը փետրվարին «Սիլ ինշուրանս»-ից մեկ անձ ընթացակարգով 2 միլիոն 12.000 դրամով գնել է ԱՊՊԱ ծառայություններ՝ ապահովագրելով շուրջ 40 ավտոմեքենա:

Share This