Պատերազմի մասնակիցների աշխատանքի հարցը կլուծվի․ Պուտինը նոր օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս փոքր եւ միջին բիզնեսի սոցիալական ուղղվածության ձեռներեցներին ստանալ պետական աջակցություն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասնակիցներին աշխատանքի վերցնելու դիմաց։ Օրենքը հրապարակվել է ռուսական պետության պաշտոնական տեղեկատվության պորտալում։ Այս կերպ Ռուսաստանը փորձում է ապահովել ռուս-ուկրաինական պատերազմի զորացրված մասնակիցների հետագա զբաղվածությունը։ Ներկայումս աջակցությունը գործում էր, եթե նույն կատեգորիայի ձեռներեցները աշխատանքի էին վերցնում թոշակառուներին, հաշմանդամներին եւ սոցիալապես խոցելի խմբերի այլ ներկայացուցիչների։ Օրենքը շրջանառության մեջ է դրվել Ռուսաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Եդինայա Ռոսիայի» կողմից եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Share This