<<Աղջիկս խելոք է, կինս շուտով կվերադառնա աշխատանքի>>. <<Մոր խոստումից>> Ռաֆը՝ հայրական ընտանիքի օգնության և նոր գործ սկսելու մասին
Դերասան Արմեն Հակոբյանը, որը լսարանին հայտնի դարձավ «Մոր խոստումը» նախագծում դեբյուտային դերակատարմամբ՝ Ռաֆի կերպարով, առաջին մասնագիտությամբ պարող է: Կարելի է ասել, սա նրանց ընտանեկան մասնագիտությունն է՝ հայրն ու քույրը ևս պարում են, կինն էլ երջանիկ պատահականությամբ այս ասպարեզից է եղել:
Արմենը Tert.am Life-ին պատմել է երկրորդ աշխատանքի, ընտանեկան բիզնես սկսելու և իր նորաստեղծ ընտանիքը պահելու միջոցների մասին:
Նրա կյանքում դերասանական արվեստն ու պարը լրացնում են իրար: Իրեն երջանիկ է համարում, քանի որ աշխատանքներից առաջին հերթին հաճույք է ստանում:

«Դերասանական արվեստով միշտ եմ հետաքրքրված եղել։ Ավարտելով Թատերական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժինը՝ որպես մասնագիտական առարկա սովորել եմ դերասանի վարպետություն, բեմական խոսք։ 2-րդ կուրսից աշխատում եմ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ որպես բալետի արտիստ։ 4 ներկայացման մեջ ներգրավված եմ՝ որպես պարող։ Դերասանների հետ այդքան շփումն իմ մեջ սեր առաջացրեց դերասանական աշխատանքի հանդեպ։ Նախորդ տարեվերջին սկսեցի նկարահանվել «Մոր խոստում»-ը նախագծում, ինչն ինձ համար շատ կարևոր էր»,- ասաց նա ու հավելեց, որ չնայած սպասված դերին, այս ընթացքում պարարվեստը չի անտեսել:
Ի դեպ, սերիալում էլ համապատասխան առիթների ժամանակ Արմենը ցույց է տալիս իր ձիրքն ու ներկայանում պարով: Դերասանը 4 տարեկանից պարում է, ասում է՝ այն դարձել է իր մի մասնիկը։ Թեև Հայաստանում այս ոլորտը շատ եկամտաբեր չի համարվում, Արմենն իրեն այս մասնագիտությունից դուրս չի պատկերացնում: երրորդ աշխատանք չունի: Հիմա աշխատում են ընտանեկան բիզնես ստեղծելու ուղղությամբ՝ առաջիկայում կբացվի նրանց պարարվեստի դպրոցը, որը դերասանը վաղեմի երազանք է համարում:
«19 տարի զբաղվում եմ պարով։ Հիմա ոչ միայն պարում եմ, այլև աշխատում եմ որպես պարուսույց։ Քանի որ պարը մեր ընտանեկան զբաղմունքն է, որոշեցինք ստեղծել մեր ընտանեկան արվեստի կենտրոնը, որին տվեցինք պարային մեր խմբի անունը՝ «Մուշ»»,- ասաց նա, ապա հավելեց, որ ինքը մեծ մասամբ պարում է հայկական, ժողովրդական, ազգագրական պարեր, սակայն բեմադրություններում ներառում են նաև այլ ազգերի պարեր։

23-ամյա դերասանը վերջերս հայրիկ դարձավ: Կինը՝ Անին, նրան դուստր պարգևեց, որին տվեցին Արևիկ անունը: Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, փոքրիկի ծննի հետ ծախսերը շատանում են: Ընտանիք պահելու համար պարողի աշխատանքը շատ եկամտաբեր չէ, սակայն Արմենը չի դժգոհում:
«Չեմ կարող ասել, որ պարող լինելը Հայաստանում շատ եկամտաբեր է, սակայն ես այս աշխատանքը մեծագույն հաճույքով եմ անում։ Հոգեպես բավարարված եմ զգում ինձ, հատկապես, հիմա, երբ միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց ենք բացում։ Իհարկե, եկամուտ էլ ունեմ, սակայն չէի ասի, որ այն շատ մեծ է։ Ամեն դեպքում, վաստակում եմ նաև որպես դերասան աշխատելով, ընտանիքս էլ միշտ կողքիս է, չեմ դժգոհում: Ինձ շատ է օգնում այն փաստը, որ իմ հայրական տունը մեր դիմացն է: Մեզ մոտ, գրեթե, ամեն ինչ ընդհանուր է»,- ասաց նա:
Դպրոցի բացումն Արմենից ավելի մեծ պատասխանատվություն ու աշխատանք է ենթադրում, սակայն նա վստահ է՝ նկարահանումները չեն տուժի, ընտանիքի անդամները կողքին են։ Առաջիկայում աշխատանքներին կմիանա նաև կինը՝ Անին։ «Կինս, անպայման, կվերադառնա իր մասնագիտությանը թե՛ որպես պարուհի, թե՛ որպես պարուսույց։ Հիմա ժամկետներ նշել չեմ կարող, բայց աղջիկս խելոք է, երևի, այդ ժամանակը շատ չի ուշանա»,- ասաց նա ու հավելեց, որ իր կինը ևս ազգագրական պարեր է պարում:

Տղամարդիկ հաճախ խանդով են վերաբերում այս մասնագիտությանը: Արմենը խոստովանեց, որ եթե կինը ազգային պարեր չպարեր, ինքը դեմ կլիներ, որ նա պարի. «Մեզ մոտ երբևէ չի եղել այս խնդիրը, որովհետև Անին ազգային պարեր է պարում, բաց հագուստներ չկան։ Պիտի խոստովանեմ, որ եթե այլ ճյուղ ընտրած լիներ, դեմ կլինեի, որ շարունակեր: Ինքս շատ եմ սիրում, օրինակ, լատինո պարեր, սակայն չէի ուզի, որ կինս պարեր»:
Պարող տղաների նկատմամբ Հայաստանում հաճախ կարծրատիպային վերաբերմունք է լինում, ըստ Արմենի, ինքը նման մոտեցման չի բախվել, քանի որ ընկերներից շատերը ևս պարում են: «Այն ընկերներս, որոնք չեն պարում, հիմա ափսոսում են, որ ավելի փոքր տարիքում թեկուզ սիրողական մակարդակով պարի չեն գնացել։ Երբևէ նման խնդիր չի եղել,- ասաց նա ու հավելեց, որ պարն ազդել է նաև իր տեսակի ձևավորման վրա,- Իմ մասնագիտությունն ինձ ձևավորել է այնքանով, որ մեծ սեր է առաջացրել դեպի հայկականը։ Ոչ միայն երգ-երաժշտությունն եմ սիրում, այլև, օրինակ, ազգային տարրերով կահավորումը, հագուստը և այլն»:
