Պաշտպանական ծախսերի նկատմամբ չեզոք, խնայողական մոտեցումն Ադրբեջանին հնարավորություն կտա ավելի ագրեսիվ քաղաքականություն որդեգրել. տնտեսագետը 2020-ի բյուջեի մասին
Եթե մենք ավելացնեինք մեր ռազմական պաշտպանության ծախսերը, հնարավոր է` Ադրբեջանում մտածեին` անիմաստ է մոտակա 3 տարիների ընթացքում պատերազմ սկսելը, սակայն նվազեցնելու ազդակից Ադրբեջանը կարող է օգտվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արամ Կայֆաջյանը՝ անդրադառնալով 2020 թ․-ի պետական բյուջեի նախագծի` ռազմական պաշտպանության ծախսերի` 0.8%-ով ավելացմանը:
«Դժվարանում եմ ասել, թե ինչու է կառավարությունը նման թիվ որոշել, գուցե մտածում են, որ ավելի նպատակահարմար է սոցիալական, տնտեսական ուղղություններին ուղղել բյուջեի ծախսերը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ նման ագրեսիվ միջավայրում, պայմաններում ծախսերը ռազմականին ուղղելն ավելի առաջնահերթ է»,- ասաց նա և հավելեց, որ գոնե պետք էր պահպանել ռազմական բյուջեի նույն ցուցանիշները:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական պաշտպանության ծախսերն ավելացնել 20%-ով, տնտեսագետը պատասխանեց, որ նման փոփոխությունները ցույց են տալիս, որ նրանք, գուցե, պատերազմի են նախապատրաստվում:
«Այսպիսի ազդակներ ստանալու պայմաններում մենք, առնվազն, նույն համամասնությունը պետք է պահպանենք: Իմ համոզմամբ՝ նույնիսկ պետք է համամասնությունը մեծացնել»,- ասաց տնտեսագետը:
Կայֆաջյանի խոսքով՝ մեր այս չեզոք և խնայողական մոտեցումը պաշտպանական ծախսերի նկատմամբ Ադրբեջանին հնարավորություն կտա, որ նրանք ավելի ագրեսիվ քաղաքականություն որդեգրեն:
«Նրանց 20%-ով ավելացումը մեծ տարբերություն է: Կուզեի, որ այդ գումարները ուղղվեին ներդրումային հատվածին, սակայն ոչ ռազմական ծախսերի հաշվին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 30-ի նիստում ընդունվել է 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, որով սահմանում են հաջորդ տարվա հիմնական ծախսային ուղենիշները։ Այս բյուջեով ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են 0,8%-ով` ներկա 300,5 մլրդ դրամից հասնելով 303 մլրդ դրամի հասնելով:
