<<Մինչ օրս ես փորձում եմ հորս ապացուցել, որ իմ արարքներում ոչ մի վատ բան չկա, թեև արդեն 30 տարի է, ինչ նա մահացել է>>. Էլթոն Ջոն
Համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն իր երաժշտական գործունեության ընթացքում վաճառել է ավելի քան 250 միլիոն ձայնասկավառակ, իսկ նրա երգերը գլխավորել են բիտանական և ամերիկյան հիթ-շքերթները, սակայն երաժիշտը խոստովանում է, որ իր հայրը տպավորված չի եղել իր հաջողություններով, գրում է BBC-ն:
72-ամյա Էլթոն Ջոնի հայրը՝ Սթենլի Դուայթը, թագավորական ռազմաօդային ուժերի լեյտենանտ է եղել: Էլթոն Ջոնի խոսքով՝ հայրը չի մասնակցել իր համերգներից ոչ մեկին և հիացմունք կամ գովասանքի ոչ մի խոսք չի հնչեցրել իր հասցեին: Երաժշտի խոսքով՝ իրենց հարաբերությունները միշտ լարված են եղել:
Էլթոն Ջոնն իր նոր`«Ես» ինքնակենսագրական գրքում խոստովանել է, որ ամբողջ կյանքում փորձել է հորը տպավորել և ցույց տալ իր արժանիքները:
«Գուցե անհեթեթ հնչի, բայց ես նրա հավանության կարիքն ունեի: Մինչ օրս ես փորձում եմ նրան ապացուցել, որ իմ արարքներում ոչ մի վատ բան չկա, թեև արդեն 30 տարի է, ինչ նա մահացել է»,- հայտնել է երգիչը:
Նա իր հորը նկարագրել է որպես «իր ժամանակի արտացոլում՝ խստաբարո, անզգացմունքային և անառողջ ամուսնության մեջ շղթայված»:
«Մայրս և հայրս երկու տարբեր բևեռներ էին: Նրանք ի սկզբանե չպետք է ամուսնանային: Տարիքն առնելուն զուգընթաց սկսում ես հասկանալ, թե նրանք ինչերի միջով էին անցնում և իրենց երջանկության գնով ինչ էին փորձում ինձ տալ»,- հայտնել է երաժիշտը:
