Շերը խոստովանել է, որ այսքան տարիներ անց էլ դեռևս հուզվում և անվստահության զգացումով է լցվում բեմ դուրս գալիս (լուսանկարներ)
Աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ Շերը (Շերիլին Սարգսյան), The Sun պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ «չի կարողանում լսել իր երաժշտությունը» և ամաչել է երգել անգամ նախկին ամուսնու՝ Սոնի Բոնոյի ներկայությամբ:
73-ամյա երգչուհին, որի Here We Go Again համերգային շրջագայությունը մեկնարկել է բոլորովին վերջերս, հայտնել է, որ գրեթե 5 տասնամյակ անց էլ դեռևս հուզվում և անվստահության զգացումով է լցվում բեմ դուրս գալիս:
«Ես չեմ ցանկանում լսել իմ կատարումերը, լսել ձայնս: Ես ամաչկոտ եմ: Երբ բեմում եմ, այդ զգացողությունն անհետանում է, սակայն մինչև բեմ բարձրանալը թվում է՝ գիտակցությունս կկորցնեմ»,- հայտնել է երգչուհին և հավելել, որ նույնիսկ ամաչում էր երգել նախկին ամուսնու՝ Սոնի Բոնոյի ներկայությամբ:
«Գրեմմի» մրցանակի դափնեկիր Շերը և նախկին ամուսին Սոնի Բոնոն 1964-ին կազմել էին «Սոնի և Շեր» ամերիկյան փոփ և փոփ ռոք դուետը, որը մեծ հայտնիություն էր վայելում Միացյալ Նահանգներում: Դուետը 1965 թվականին միանգամից երկու հիթային կատարումների հեղինակ էր դարձել՝ Baby Don’t Go և I Got You Babe:
Հարցազրույցի ժամանակ 73-ամյա երգչուհին վերհիշել է նաև I Got You Babe երգի ստեղծման պատմությունը:
Շերի խոսքով՝ երգը նախկին ամուսինը գրել է կեսգիշերին, և երբ իրեն արթնացրել ու խնդրել է երգել որոշ հատվածներ, նա հրաժարվել է:
«Այստեղ մարդ չկա, միայն ես եմ, Շեր»,- ասել է նախկին ամուսինը:
Նշենք, որ զույգը բաժանվել է 1974 թվականին:










