<<Բարգավաճ Հայաստանը>> պահանջատեր է, որպեսզի արդարությունն ու արդարադատությունը գործեն ամբողջ ծավալով․ Սերգեյ Բագրատյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաեւ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից «Գոլդեն փելես» հյուրանոցը պետության որպես նվիրատվություն հանձնելուն՝ նշելով, որ նախորդ իշխանությունների ժամանակ Արմեն Ավետիսյանը դիտարկվում էր որպես պատժիչ գործիք, իսկ հյուրանոցի հանձնումը, կարծես, ապաշխարելու սկիզբն էր: Միաժամանակ նաեւ բանախոսը նկատեց, որ այսօր փորձ է արվում տնտեսական ոլորտում նոր խաղի կանոններ սահմանել զերծ քաղաքական բաղադրիչից, սակայն հարց է, թե Հայաստանից հեռացած, կամ արտասահմանում գտնվող եւ գործունեություն ծավալոց մեր հայրենակիցները ուզում են արդյոք գալ Հայաստան ու նոր խաղի կանոնները նրանց համար ընդունելի են, թե ոչ։ Բանախոսը նկատեց, որ այստեղ խնդիրներ կան որոնք պայմանավորված են այսօր քաղաքական դաշտում եղած իրողություններով։ Նա նկատեց, որ քաղաքական դիսկուրսը ընթանում է ԱԺ պատերի ներսում, իսկ ԱԺ պատերից դուրս արդեն ներկա եւ նախկին իշխանությունների պայքար է եւ ոչ թե քաղաքական դիսկուրս։ Պատգամավորը նկատեց, որ պետք է ֆիքսել, որ որքան որ իշխանությունն է հանձնառու որ երկիրը զարգանա դեմոկրատական հունով, ազատ մրցակցության եւ արդարության սկզբունքներով, նույնքան էլ ընդդիմությունը եւ՝ թե «Բարգավաճ Հայաստանը» եւ թե «Լուսավոր Հայաստանը» պահանջատեր են, որպեսզի արդարությունն ու արդարադատությունը գործեն ողջ ծավալով։
