ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսից հեռանալու ժամանակ այդ երկրում է թողել ԻՊ-ի 50 <<արժեքավոր>> բանտարկյալի. The New York Times
ԱՄՆ-ն թուրքական ռազմական գործողության մեկնարկից առաջ Սիրիայից հեռանալու ժամանակ այդ երկրում է թողել ԻՊ-ի 50 «արժեքավոր բանտարկյալի», գրում է The New York Times-ը՝ վկայակոչելուվ ամերիկացի երկու պաշտոնյաների:
Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնի՝ Սիրիայի հյուսիսից իր զորքը դուրս բերելու որոշումը կայացնելուց հետո ամերիկացի զինվորականները չեն հասցրել քրդական բանտերից տեղափոխել ԻՊ-ի մոտ 50 բանտարկյալներին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ ամերիկացի զինվորականները «Սիրիայից դուրս են բերել ԻՊ-ի երկու վտանգավոր դահիճներին», որոնք հայտնի են Beatles անունով:
Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ քրդերը հրաժարվել են օգնել ամերիկացի զինվորականներին ԻՊ-ի մյուս գերիներին բանտից դուրս բերելու հարցում:
Սիրիայի բանտերում, ինչպես գրում է աղբյուրը, պահվում էր մոտ 11 հազար մարդ, ներառյալ՝ շուրջ 9 հազար սիրիացիներ և իրաքցիներ, ինչպես նաև շուրջ 50 երկրներից մոտ 2 հազար բանտարկյալներ, որոնց իշխանությունները հրաժարվել են հայրենադարձել:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավն սկսելու մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր հոկտեմբերի 9-ին, որից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով:
Ռազմարշավի մեկնարկից հետո Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները հայտարարել են Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին:
