Հանրայնացվել է Հայաստան-Ադրբեջանական համաձայնագրի կնքման մոտավոր ժամկետ
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղ կարգավորման համաձայնագիր կնքել արդեն այս տարվա հունիսի 1-ին, երբ երկու ղեկավարները կհանդիպեն Եվրոպայի գագաթնաժողովին հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան։ Մասնավորապես, նա նկատի է ունեցել հաջորդ շաբաթ կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցելու են 47 պետության եւ կառավարության ղեկավար, ԵՄ կառույցների ղեկավարներ։ Հավաքը կայանալու է Մոլդովայում։ Այս գագաթնաժողովի շրջանակներում, ըստ Reuters լրատվական գործակալության դիվանագիտական աղբյուրների փոխանցման, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ են վարելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ «Հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնեւում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է դեսպան Աբդուլաեւան, հավելելով, որ «պահը պատմական է եւ այն չպետք է ձեռքից բաց թողնել»։
