ՀՀ նախագահի և Կորեայի նախագահի բանագնացի հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինին: Հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Չան Սոն Մինն ասել է. «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ: Ես միշտ ցանկացել եմ այցելել Հայաստան: Ինձ համար մեծ պատիվ է այցելել այս հիանալի երկիր, կարծում եմ Հայաստանը և Կորեան ունեն բազմաթիվ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ և սերտ համագործակցության մեծ ներուժ, որը պետք է իրականացվի համատեղ ջանքերով»:
Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Կորեայի խորհրդարանների սերտ համագործակցությանը՝ կարևորելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում երկու երկրների լավագույն փորձի փոխանակումն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը: Այս կապակցությամբ քննարկվել են երկու երկրներում դեսպանատների բացման, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների համար Կորեայի Հանրապետության կողմից վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությանն ու հեռանկարներին:
Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է Հայաստանի և Կորեայի միջև առկա քաղաքական, տնտեսական համագործակցության ընդլայնման ու խթանման վերաբերյալ պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
