Կանադան նոր հակառուսական պատժամիջոցներ կսահմանի ավելի քան 70 ֆիզիկական անձանց եւ ընկերությունների դեմ
Կանադան իր պատժամիջոցների ցուցակներում կներառի ավելի քան 70 ֆիզիկական անձանց եւ ընկերությունների՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության եւ «մարդու իրավունքների խախտման» հետ։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Canadian Press-ը՝ հղում անելով վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությանը։
Հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցները կկիրառվեն «17 ֆիզիկական եւ 18 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք կապված են ռուսական ընկերությունների հետ եւ ռազմական տեխնոլոգիաներ ու արտադրանք են տրամադրում Ռուսաստանի զինված ուժերին, նշված անձանց ընտանիքի անդամների եւ Կրեմլի էլիտայի անդամների նկատմամբ»:
Թրյուդոն ուրբաթ գտնվում է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում, որտեղ մասնակցում է Յոթնյակի (G7) երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումներին։
