Մարս մոլորակի միջուկը հեղուկ է․ գիտական բացահայտում
Գիտնականները Մարս մոլորակի վրա սեյսմիկ ալիքների վերլուծության միջոցով բացահայտել են, որ «Կարմիր մոլորակի» միջուկը հեղուկ է։ այս մասին հայտնում է ԱՄՆ Մերիլենդի համալսարանը։ Մարսի միջուկի հետազոտությամբ զբաղվող գիտական խմբի անդամներից Վեդրան Լեկիչը պարզաբանել է, որ այնպես, ինչպես 1906 թվականին հայտնաբերվել է Երկիր մոլորակի միջուկը, դիտարկումներ իրականացնելով, թե ինչպես են սեյսմիկ ալիքները փոխվում երկրաշարժերից, անցնելով միջուկի միջով, նույն կերպ էլ՝ ավելի քան հարյուր տարի անց, ապացուցվել է, որ Մարսի միջուկը նույնպես հեղուկ է։ Ուսումնասիրություններն իրականացվել են InSight սարքի միջոցով, որն անշարժ զոնդ է, որը գտնվում է մոլորակի մակերեսին եւ որի գլխավոր գոծիքը գերզգայուն սեյսմոմետրն է։ Մարսի ներքին կառուցվածքի անալիզն իրականացվել է իրարից անկախ երկու երեւույթների օգնությամբ՝ այն է մարսացնցումների եւ երկնաքար ընկնելու։ Առաջացած սեյսմիկ ալիքների մի մասն անցել է միջուկով, մյուս մասը՝ միջնապատյանով։ երկու ակուստիկ ազդակների միջեւ ժամանակային տարբերությունների հիման վրա, ինչպես նաեւ անալիզելով դրանց սպեկտրը, գիտնականները կարողացել են չափել այն նյութի խտությունն ու սեղմվածությունը, որի միջով անցել են սեյսմիկ ալիքները։ Արդյունքներն էլ ցույց են տվել, որ ամենայն հավանականությամբ, Մարսի միջուկն ամբողջությամբ հեղուկ է, ի տարբերություն Երկիր մոլորակի, որի միջուկի արտաքին մասը հեղուկ է, ներքին մասը՝ պինդ։ Մոլորակի միջուկում պարունակվում է բավական մեծ քանակությամբ ծծումբ եւ թթվածին։ Այս երկու նյութերը կազմում են միջուկի ընդհանուր զանգվածի 20 տոկոսը։ Այն տարբերվում է Երկիր մոլորակի միջուկի կառուցվածքից։ Մարսի միջուկը ավելի նվազ խիտ է եւ ավելի սեմղմված, քան մեր մոլորակի միջուկը։ Այս տարբերությունը պայմանավորված է երկու մոլորակների առաջացման պայմանների տարբերությամբ։
