Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն Այվազովսկուն և Ռեպինին անվանել է ուկրաինացիներ
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը Իլյա Ռեպինին և Իվան Այվազովսկուն անվանել է «ուկրաինացի նկարիչներ», գրում է «Ռիա Նովոստի»-ին
Այսպիսով, թանգարանը աշխարհահռչակ ծովանկարիչ, ծագումով հայ Հովհաննես Այվազովսկու «Նավը լուսնի լույսի տակ» նկարի էջում տեղադրել է տեղեկություն, որ հեղինակը ուկրաինացի է։ Նմանատիպ հայտարարություն է հայտնվել Ռեպինի «Վսևոլոդ Միխայլովիչ Գարշինի դիմանկարը» նկարի էջում։
Ավելի վաղ «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանը ուկրաինացի նկարիչ էր անվանել Արխիպ Կուինջիին։ Ռուսաստանի նկարիչների միության նախագահ Անդրեյ Կովալչուկը հայտարարել է, որ տվյալ դեպքում խոսքը քաղաքական զրպարտության և սադրանքի մասին է։
Այվազովսկին և Ռեպինը ծնվել են Ռուսական կայսրության օրոք համապատասխանաբար Թեոդոսիայում և Չուգուևում։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին (Գևորգ) և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թվականի հուլիսի 17-ին։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, որոնք XVII դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Հայտնի է, որ նրա ազգականները Լվովի շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Ինքը՝ Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է Դանուբյան իշխանություններ (Մոլդովա, Վալախիա), որտեղ զբաղվել է առևտրով։
Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33 թթ-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833–37 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Ուսումնառության տարիներին «Անդորր» կտավի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի Ոսկե մեդալի և գործուղվել Ղրիմ, որտեղ ստեղծած նկարներն աչքի են ընկնում ինքնատիպությամբ, տեսարանի հավաստի պատկերմամբ: 1840 թ-ին ակադեմիան նրան գործուղել է արտասահման` կատարելագործվելու. եղել է Իտալիայում (նաև Սբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, մասնակցել է ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման:
1844 թ-ին Այվազովսկին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: 1845 թ-ից մշտապես բնակվել է Թեոդոսիայում, ստեղծել է 1853–56 թթ-ի Ղրիմի պատերազմին նվիրված մարտանկարներ («Ծովամարտ», 1855 թ., «Սևաստոպոլի պաշտպանությունը», 1859 թ.), պաշարված Սևաստոպոլում բացել է ցուցահանդես, ոգևորել և օգնել քաղաքի պաշտպաններին:
1890-ական թվականներին` հայերի կոտորածների ծանր օրերին, Այվազովսկին «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» կտավներով իր ցասումն է արտահայտել ընդդեմ թուրք ջարդարարների: Նա նյութապես օժանդակել է Ղրիմ փախած հայ գաղթականներին: Թեոդոսիայում բացել է պատկերասրահ (այժմ՝ նրա անվան), գեղարվեստի դպրոց, հնագիտական թանգարան, գրադարան, համերգային դահլիճ, օժանդակել նավահանգստի, երկաթուղու կառուցմանը և այլն:
Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ. աշխատել է արագ` տեսողական վիթխարի հիշողությամբ: Իր գլուխգործոցներով՝ «Իններորդ ալիք» (1850 թ.), «Սև ծովը» (1881 թ.), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885 թ.), «Ալիքների մեջ» (1898 թ.), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889 թ.) և այլ կտավներով հասել է իրականության զարմանալի կենդանի և հուզական ընկալման, ստեղծել պատկերի գունագծային կառուցման յուրօրինակ, անկրկնելի արտահայտիչ լեզու:
