Մասնագետները ներկայացրել են աղիների քաղցկեղի առաջին ախտանշանները
Աղիների քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում: Այս հիվանդության վաղ ախտորոշումը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, ուստի բժիշկները ներկայացրել են այն ախտանշանները, որոնք կհուշեն աղիների քաղցկեղի զարգացման մասին:
Մասնագետների խոսքով՝ զարգացման սկզբնական փուլերում հիվանդությունը գրեթե երբեք չի դրսևորվում որևէ ակնհայտ ախտանշանով, ուստի այս փուլում խիստ հազվադեպ է ախտորոշվում: Սակայն ավելի ուշ ի հայտ են գալիս բավական տհաճ ախտանշաններ, որոնք կապված են լինում հիվանդության հետագա զարգացման ու ուռուցքի մեծացման հետ:
Աղիների քաղցկեղի մասին կարող են հուշել ախորժակի վատթարացումը, քաշի նվազումը, որովայնի ստորին հատվածի ցավերը, տհաճ զգացողություններն ու փորափքանքը, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումներն ու կղանքում արյան հետքերի առկայությունը:
Եթե մի քանի շաբաթվա ընթացքում ցավերն ու տհաճ զգացողությունները չեն մեղմվում, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին: Հարկ է հիշել, որ աղիների քաղցկեղը շատ վտանգավոր հիվանդություն է, որը կարող է հանգեցնել մահվան, ուստի խնդրի վաղ ախտորոշումն անչափ կարևոր է հետագա բուժման արդյունավետության համար:
Բացի այդ, մասնագետները նախազգուշացնում են, որ քաղցկեղի այս տեսակը կարող է մետաստազավորվել ու տարածվել նաև այլ օրգանների հատվածում: Հարկավոր է շատ զգոն լինել ու խուսափել նման ընթացքից, քանի որ այդ դեպքում բարեհաջող բուժման հավանականությունն արդեն գրեթե բացակայում է, գրում է medikforum.ru կայքը:
