40 մլն դրամ <<Քաղաքացու օրվա>>, 425 մլն դրամ նախագահի արտասահմանյան գործուղումների համար, բյուջեն չի՞ ցանկանում ազատվել ավելորդ ծախսերից. Աղվան Վարդանյան
Հանրապետության նախագահի մասով միայն արտասահմանյան գործուղումների համար նախատեսված է 425 մլն դրամ, նկատի ունենալով նախագահի սահմանափակ լիազորությունները, այս գումարները մի քիչ շա՞տ չեն և ինչ արդյունավետություն ունեն։ Շարունակելո՞ւ ենք ԱԺ-ում պարգևավճարների և դրամական խրախուսումների գործելաոճը։ ԱԺ-ում ներքին գործուղումների համար նախատեսված է 235 հազար դրամ, իսկ արտասահմանյան գործուղումների համար դրանից 2800 անգամ ավելի` 648 մլն դրամ, ԱԺ-ի հիմնական գործը փաստորեն ոչ թե Հայաստանում է, այլ դրսում, բացի այդ նախատեսվում է երկու միջոցառում` 150 մլն դրամ անկախության տոնի առթիվ, այս տարի 1 մլրդ 200մլն դրամ էր, այս տատանումը միայն 30 ամյակով բացատրելը որքանո՞վ է ճիշտ։ Մի գումար էլ համառորեն դրել եք «Քաղաքացու օրը» նշելու համար` 40 մլն դրամ, բյուջեն չի՞ ցանկանում ազատվել արդյոք անիմաստ ծախսերից։ ԱԺ-ում 2022 թ-ի բյուջեի քննարկաման ժամանակ այս հարցադրումներն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Ի պատասխան` Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը անդրադարձավ պարգևավճարների վերաբերյալ հարցադրմանը` նշելով. «Վստահեցնում եմ, որ բոլոր հավելումները և պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ամփոփելու ժամանակահատվածում բոլոր դեպքերում, երբ եղել են ծախսային հաշվարկներ, որոնք շեղվում են նորմատիվային կարգավորումներից, դրանք տեղ չեն գտել օրենքի նախագծում»։
Հարցի շուրջ մեկնաբանություն տվեց նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը.
«Այդ պարգևատրման ֆոնդը, բացի պատգամավորներից, վերաբերում է ԱԺ-ի բոլոր աշխատողներին։ Վարորդները, փորձագետները, պատգամավորների օգնականները, այն մարդկանց համար, ովքեր այս դահլիճի ջեռուցումն են ապահովել, ապահովել են տեխնիկական սպասարկումը, ամեն օր մաքրում են մեր ու ձեր սենյակները, այդ մարդիկ կստանան 30% պարգևավճար։ Երեկ ձեր համակիրներից մեկը աբսուրդային թիվ էր հրապարակել ֆեյսբուքում և պատգամավորների պարգևատրումներից էր խոսել։ Պատգամավորները ամենամսյա պարգևատրում չեն ստացել 2019 թ-ի փետրվարից և այս բյուջեում ևս նախատեսված չէ»։
Ի պատասխան` Վարդանյանը խորհուրդ տվեց պետական բյուջեի քննարկումը չվերածել ֆեյսբուքյան գրառումների մեջբերման։
