10 պատճառ կոֆեինից հրաժարվելու համար

Կոֆեինը պարունակվում է, ոչ միայն սուրճի ու թեյի մեջ, այլև բազմաթիվ այլ ըմպելիքների, ինչի հետևանքով մարդիկ հաճախ չարաշահում են այն՝ առանց անգամ գիտակցելու դա: Այս տարրը կարող է ինչպես շատ օգտակար լինել, այնպես էլ բավական վտանգավոր, ուստի մասնագետները ներկայացրել են այն դրական փոփոխությունները, որոնք տեղի կունենան կոֆեինից հրաժարվելու դեպքում:

Առաջին հերթին կոֆեինից հրաժարվելը կօգնի ազատվել անհանգստությունից: Բանն այն է, որ այս տարրի չարաշահումն առաջացնում է էներգիայի մակարդակի տատանումներ, անհանգստություն ու սթրեսի հորմոնի մակարդակի բարձրացում, մինչդեռ դրանից հրաժարվելը կօգնի ազատվել այդ ախտանշաններից:

Կոֆեինից հրաժարվելու մյուս առավելությունն առողջ քունն է, որից մարդը հաճախ զրկվում է կոֆեին պարունակող ըմպելիքների պատճառով: Բացի այդ, այս տարրից հրաժարվելու դեպքում օրգանիզմն ավելի լավ է կլանում որոշ օգտակար տարրերը, ինչը շատ կարևոր է ընդհանուր ինքնազգացողության համար: Սա պայմանավորված է սուրճի մեջ պարունակվող տանիններով, որոնք դանդաղեցնում են այնպիսի կարևոր տարրերի կլանումը, ինչպիսին են երկաթը, կալցիումն ու B խմբի վիտամինները:

Կոֆեին պարունակող ըմպելիքներից հրաժարվելու պատճառների շարքին է դասվում նաև ատամների վիճակի վատացումը: Բանն այն է, որ նմանատիպ ըմպելիքները բացասաբար են ազդում էմալի գույնի վրա, ուստի դրանցից հարաժարվելը կօգնի բարելավել ատամների առողջությունն ու արտաքին տեսքը:

Կոֆեինից հրաժարվելու դրական կողմերի շարքին է դասվում նաև կանանց հորմոնալ ֆոնի կարգավորումը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոֆեինն ազդում է կանանց օրգանիզմում էստրոգենի մակարդակի վրա, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ:

Այս տարրի բացառումը դրական կարող է անդրադառնալ նաև զարկերակային ճնշման վրա՝ օգնելով նվազեցնել այն: Բացի այդ, նման փոփոխությունը կօգնի ազատվել նաև տրամադրության մշտական տատանումներից, որոնք հաճախ պայմանավորված են լինում սուրճի ազդեցությամբ:

Սուրճից ու առհասարակ կոֆեինից հրաժարվելը կօգնի նաև ազատվել գլխացավերից: Սկզբնական շրջանում դրանց քանակությունը կկրճատվի, իսկ ընդամենը մի քանի օր անց այս խնդիրն առհասարակ կդադարի անհանգստացնել:

Կոֆեինից հրաժարվելու դրական կողմերից կարող է լինել նաև առողջ մարսողությունը: Բանն այն է, որ կոֆեինն աղիների վրա լուծողական ազդեցություն է ունենում, ինչի հետևանքով հաճախ են ի հայտ գալիս տարատեսակ խանգարումներ:

Կոֆեինից հրաժարվելու վերջին, սակայն ոչ պակաս կարևոր առավելությունը, որը նշում են մասնագետները, երիտասարդության պահպանումն է: Կոֆեինը խանգարում է կոլագենի ձևավորման գործընթացները, իսկ այս տարրը շատ կարևոր է մաշկի երիտասարդության ու առաձգականության համար: Արդյունքում մաշկը պատվում է վաղաժամ կնճիռներով, իսկ ծերացման գործընթացներն արագանում են:

Share This