<<Նիկոլի հովհարը>>․ ընդդիմադիր գործիչը պահանջում է ԱԺ-ում քննության առնել Ծիծեռնակաբերդում արձանագրված ենթադրյալ հանցագործությունների շղթան
Սա մեկ օրում ԴԱՀԿ֊ից ու տարբեր դատարաններից իմ հասցեով ուղարկված նամակներն են, որոնք գեղարվեստականացրել եմ հովհարի տեսքով` ԴԱՀԿ֊ի թանգարանի մշտական ցուցադրությունը հարստացնելու համար։
Հիշեցման կարգով նշեմ, որ իմ դեմ դատական հայցադիմումներ էին ներկայացրել Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Արայիկ Հարությունյանը, Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարությունը, Հարություն Մարությանը և Սուրեն Մանուկյանը։
Հանրային իմ ելույթներում և գրառումներում վերոնշյալ անձանց անհերքելի փաստերի հիման վրա մեղադրել եմ Հայոց ցեղասպանության թանգարանում արժեքավոր գրքերի գողության, փողերի լվացման, խոշոր չափի գումարների հափշտակման և ուղեկցող ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման, աշխատավարձի յուրացման ու անօրինական շրջանառության, ավազակային ներխուժումների ու պետական գույքին վնաս հասցնելու, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին անվերականգնելի վնաս հասցնելու, ինչպես նաև ՀՀ֊ում “Արևմտյան Ադրբեջան” քարոզչական խոսույթը տարածելուն նպաստող գործողություններ իրականացնելու մեջ։
Գործերը վարույթ ընդունած դատավորներին գրավոր դիմում եմ ներկայացրել, պահանջելով առանձին տեսագրությամբ գնահատական տալ Ն. Փաշինյանի “վնգստացող դատավորներ” ձևակերպմանը, ինչպես նաև հավաստիացնել, որ իրենք չեն հանդիսանում Նիկոլ Փաշինյանի “ասածը կատարող դատավորները”։ Դատավորներից ոչ մեկը չի արձագանքել իմ նամակին` անիմաստ դարձնելով իմ մասնակցությունը դատական նիստերին։
Ս. թ. օգոստոսի 4֊ին, Նիկոլի ընտրարշավի ժամանակ փիառվելու նպատակով աստղաբաշխական գնով ու անհայտ ծագումով դռան փեղկ գնելու համար պետական միջոցների վատնման հիմքով քրեական գործ հարուցելու նախնական տեքստ հրապարակեցի։ Դրան հաջորդեցին Նիկոլի կողմից ստորացված ու բարոյապես լլկված դատավորների կողմից դատավճիռներ կայացնելու գործընթացը։ Բոլոր վճիռներն իմ դեմ եմ, իհարկե։ Այս պահին արգելափակել են իմ բանկային հաշիվները։
2 օր առաջ հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազի, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ՊԵԿ նախագահի հասցեներով` քրեական գործ հարուցելու, հետաքննություն սկսելու, ինչպես նաև պետական միջոցների հետագա վատնումը կանխարգելելու նպատակով Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի և Ժաննա Անդրասյանի գույքի վրա կալանք դնելու համար։
Ծիծեռնակաբերդում տարբեր տարիներին գրանցված քրեական բնույթի հանցագործությունների կապակցությամբ որևէ բացահայտում ու պետությանը հասցված վնասի հատուցում չի եղել։ Գրանցված է միայն պետական ծանրագույն հանցագործությունները կոծկելու և լեգիտիմացնելու բազմակի փորձեր` ՀՀ արդարադատության համակարգի բոլոր օղակների կողմից։
Ես մնում եմ այն կարծիքին, որ գրքերի գողության փաստով 2007 թվականի հուլիսին իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի շրջանակում տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերին Արարատ Միրզոյանի, հնարավոր է նաև Վլադիմիր Վարդանյանի հավաքագրումը` դրանց հետագայում կեղտոտ գործարքների մեջ ներգրավելու համար։
Անմեղության կանխավարկածը հարգելով, այդուհանդերձ պնդում եմ, որ այս վարկածը կարող է հերքվել կամ հաստատվել 2007ին իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերոնշյալ անձանց ցուցմունքները հանրայնացնելու պարագայում։
Նախորդ գումարման ԱԺ ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորներին առաջարկել էի առանձին հանձնաժողով կազմել ու հատուկ նիստ գումարել` Ծիծեռնակաբերդում գրանցված հանցագործությունների այս շղթային անդրադառնալու համար։ Դիմումս մնաց անպատասխան։
Այժմ կրկին դիմում եմ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին` նույն առաջարկով, հաշվի առնելով նաև Արայիկ Հարությունյանի ներկայությունը ԱԺ նիստերին որպես ՔՊ պատգամավոր։
