<<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթ. Բուն խնդրից հեռանալը հղի է հին ու նոր բախումների վերսկսմամբ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ՌԴ նախագահ Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օրերս քննարկել է միջազգային խոշոր նախագծերի հարցերը՝ գազատարների, ինչպեսեւ Սիրիայի մասով: ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում մնացած ամերիկյան զինուժը պետք է վերահսկի նաեւ գազատարներն ու նավթատարները, որպեսզի սիրիական բանակը չկարողանա իր հսկողության տակ վերցնել դրանք: Վաշինգտոնը ցանկանում է այդ պաշարները պահել քրդական հսկողության տակ, որպեսզի կարողանա օգտվել դրանցից: Իսկ այս իրավիճակը ձեռնտու չէ ռուսական կողմին, նաեւ Սիրիայի կառավարությանը: Հասկանալի է, որ այս զինադադարի ընթացքում յուրաքանչյուր կողմ փորձելու է պաշտպանել իր տնտեսական շահերը, ինչը անում էր նաեւ Թուրքիան՝ փորձելով տիրել Սիրիայի գազա-նավթաշատ տարածքներին: Բնական պաշարների շուրջ մրցակցությունը նոր չէ եւ հարյուրամյակների պատմություն ունի, որը լի է նաեւ ավերիչ հակամարտություններով ու պատերազմներով: Սիրիայի նավթային պաշարների պաշտպանությունը ԱՄՆ-ի նախագահը համարել է առաջնահերթություն, եւ չնայած այստեղից ամերիկյան ուժերը դուրս բերելու փաստին, այլ զորքեր է մտցնում՝ նավթի հանքերի անվտանգությունն ապահովելու համար։ Նախապես հայտարարվել էր, որ Սիրիայից ամերիկյան 1000 հոգանոց զինուժի փոխարեն կմնա 200-ը, սակայն այժմ հայտնի է դարձել, որ կմնա 900 զինվորական: Մոսկվան ռազմական ոստիկանության շուրջ 300 անդամ եւ 33 միավոր ռազմական տեխնիկա տեղափոխեց Սիրիա, մեկ շաբաթվա ընթացքում ռազմական ոստիկանության 2 գումարտակ տեղակայվեց: Իրանը եւս զինված ջոկատներ ունի Սիրիայում: … Հենց այստեղ էլ կողպված է վտանգներով լցված սնդուկը, որի բացումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ ոչ միայն թուրք-սիրիական հակամարտության վերսկսմամբ պայմանավորված»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
