Օգնեք վերջ դնել տարիներ շարունակվող կոռուպցիոն շղթային. «Օլիմպ» ԱԿ ղեկավարի բաց նամակը՝ Սրբուհի Գալյանին

Օլիմպ» ԱԿ ղեկավար Արշավիր Ղուկասյանը բաց նամակով դիմել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ խնդրելով իր ուշադրության կենտրոնում պահել «Օլիմպ» ԱԿ-ի հետ կապված դատական գործընթացը:

Բաց նամակում ասվում է.

«Հարգելի նախարար,

Ուրախությամբ տեղեկացանք, որ ընդգրկվել եք ԱՄՆ Պետքարտուղարության 2024թ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների ցանկում։ Հավատում ենք, որ Ձեր առաջնորդությամբ  համակարգում տեղի կունենան նշանակալի բարեփոխումներ արդարադատության համակարգի զորացման և կոռուպցիայի դեմ պայքարում։

Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել «Օլիմպ» Արտադրական Կոոպերատիվի սեփականության իրավունքների կոպտագույն խախտման հարցով դատական գործընթացին։ Աբովյան 4 հասցեում գտնվող «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող եռահարկ շենքը 2010թ․ ապօրինաբար զավթվեց և քանդվեց «Ավո ՖՄՀ» ԱՊԸ-ի կողմից։ Վերջին 15 տարիների ընթացքում «Օլիմպ» ԱԿ-ը բազմաթիվ հայցերով փորձել է պաշտպանել իր իրավունքները ՀՀ դատական համակարգում, սակայն բախվել է ապօրինությունների և կոռուպցիոն գործարքների։ Մեր իրավունքները ՀՀ-ում չկարողանալով պաշտպանել, ստիպված դիմեցինք Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)։

2023-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշում կայացրեց, ըստ որի «Օլիմպ» ԱԿ-ի սեփականության օտարումը հակասահմանադրական է։ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հորդորեց վերանայել գործը և վերականգնել «Օլիմպ» ԱԿ-ի խախտված իրավունքները։ Ներկայում գործը կրկին քննվում է ՀՀ առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ։

Հարգելի նախարար, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝«Օլիմպ» ԱԿ-ի դատական գործընթացը պահել Ձեր ուշադրության ներքո՝ ապահովելու արդար վճռի կայացում։ Հուսով ենք, որ համակարգային բարեփոխումները կօգնեն վերջ դնել այս գործի շուրջ տարիներ շարունակվող կոռուպցիոն շղթային և վերականգնել օրինականությունը։

Share This