Քրքումը թեթեւացնում է մկանների ցավը եւ իջեցնում վնասվածքների հավանականությունը.

Կատալոնիայի Բաց համալսարանի (Իսպանիա) գիտնականները պարզել են, որ քրքումն օգնում է մարզումներից հետո թեթեւացնել մկանների ցավն ու բորբոքումն օրգանիզմում, ինչպես նաեւ նվազեցնել վնասվածքների վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of International Society of Sports Nutrition (JISSN) ամսագրում:

Գիտնականները վերլուծել են նախկինում հրապարակված 11 հետազոտություններ, որոնք ուղղված են եղել կոճապղպեղի ընտանիքի արեւադարձային բույսի՝ քրքումի օգտակար հատկությունների ուսումնասիրությանը: Չնայած այն հանգամանքին, որ քրքումը հայտնի է իր ժողովրդականությամբ ավանդական ասիական բժշկության մեջ, վերջերս ավելի ու ավելի շատ գիտական ​​աշխատանքներ են ապացուցել, որ այս արմատն ունի օբյեկտիվ թերապեւտիկ հատկություններ:

Նոր մետավերլուծության ժամանակ իսպանացի գիտնականները հաստատել են, որ քրքումը՝ որպես հավելում, ունի հզոր հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային հատկություններ։ Այս ազդեցությունները հատկապես օգտակար են այն մարդկանց համար, որոնք կանոնավոր եւ ակտիվորեն մարզվում են:

Գիտնականների խոսքով՝ քրքումի օգտագործումը ինչպես մարզվելուց առաջ, այնպես էլ հետո օգնում է արագացնել մկանային մանրաթելերի վերականգնումը, թեթեւացնել ցավը եւ մեծացնել հակաօքսիդանտ կարողությունը (մարմնի «սթրեսային» օքսիդացման պրոցեսները հաղթահարելու կարողություն): Քրքումը նաեւ նվազեցնում է համակարգային բորբոքումը, ինչը նվազեցնում է մարզումների ընթացքում վնասվածք ստանալու հավանականությունը։

Հետազոտողների խոսքով՝ փորձագետները կարծում են, որ լավ առողջություն ունեցող մարդկանց անհրաժեշտ է օրական ընդամենը 1-4 չորս գրամ քրքում ընդունել՝ առողջության համար օգտակարությունն զգալու համար: Վերականգնման էֆեկտը հատկապես կարեւոր է էքսցենտրիկ վարժությունների համար (որոնցում թիրախային մկաններն օգտագործվում են քաշը կառավարելու համար՝ այն նվազեցնելու առումով), որոնք, որպես կանոն, առավելագույն վնաս կարող են հասցնել մարզիկներին:

Share This