ՔԿ խոսնակը արձագանքել է Բագրատ Սրբազանի փաստաբանի կողմից հայցեր ներկայացնելու որոշմանը
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը գրում է․ ««Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հանգամանքի մասին վկայող փաստերը, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ձայնագրությունների համապատասխան հատվածները հրապարակվելուց հետո վարույթի առանձին մասնակիցներ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրենց իրավունքները քրեական վարույթի շրջանակներում իրացնելու փոխարեն, շարունակում են հանրային տեղեկատվական հարթակներում ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը՝ այդ կերպ ակնհայտորեն փորձելով ազդել հանրային տրամադրությունների կամ կարծիքի վրա։Մասնավորապես՝ Վազգեն Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր հրապարակում է արել դատարան քաղաքացիական հայցեր ներկայացնելու իր նոր «պլաններ»–ի մասին՝ դրանում, ի թիվս այլնի, հերթական անգամ պնդելով, թե իբր «ապացուցված է արդեն, որ Քննչական կոմիտեն կեղծել է ձայնագրությունները» և «կոնտեքստից կտրված է հանցագործներին մահապատժի ենթարկելու /գյուլլելու/ միտքը»: Ընդ որում՝ փաստաբանը մեջբերված մտքերը հնչեցնում է՝ սկզբունքորեն անհաղորդ լինելով ձայնագրություններ կեղծելու փաստը միանշանակ հերքող պարզաբանումներին:
