Քերոբյանը Լարսում կոնյակով հայկական բեռնատարների կուտակումների մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում Վերին Լարսի անցակետով ալկոհոլային խմիչքով բեռնված հայկական բեռնատարներն անցնում են, բայց ոչ բոլորը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Վերին Լարսի անցակետում շուրջ 60 հայկական բեռնատար մեքենաների կուտակմանը։ «Նախորդ օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է։ Չէի ասի, որ չգիտենք պատճառը։ Բնականաբար, մեր կառավարության և էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության կարևորագույն մաս է կազմում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքները լինեն բարձր որակի, և մենք որոշ ժամանակ առաջ արդեն սկսել էինք գործընթաց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի»,- ասաց Քերոբյանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ չի տեսնում այս ամենի մեջ, Քերոբյանը պատասխանեց․ «Չէի ասի, որ որևէ քաղաքական ենթատեքստ կա։ Որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել, սպասում ենք լաբորատոր փորձաքննության արդյունքներին։ Այլ մեքենաներն անցնում են։ Ես խնդիրը չէի ուռճացնի»,- ասաց Քերոբյանը։
Ադրբեջանը չափն անցավ այս ձերբակալություններով։ Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի նախկին առաջնորդների ձերբակալության մասին։
«Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ձերբակալությունը, որն իրականացվել է փաստացի ռուս խաղաղապահ զորախմբի աչքի առջև, իմ կարծիքով, շատ լուրջ նախատինք է ոչ միայն ՀՀ դավաճան իշխանություններին, այլ նաև այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք»,-ասել է Զատուլինը՝ նշելով, որ որոշ ռուս պաշտոնյաներ այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարել են, թե ոչ ոք մեղավոր չէ Արցախից հայերի հեռանալու մեջ։
«Իրականում սա չմտածված հայտարարություն է, որը զրոյացնում է Ռուսաստանին՝ որպես խաղաղարարի։ Այն, որ բոլոր հայերը լքել են Ղարաբաղը, նշանակում է, որ այս պահի դրությամբ նրանք արդեն դադարել էին հավատալ, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Արցախում ռուս խաղաղապահների օրերը հաշված են։
