ՔԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ
2018 թվականից սկսած, վարչապետի կարգավիճակով` Նիկոլ Փաշինյանը 8 անգամ հանրահավաք է հրավիրել։ Պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ժամանակ՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին այդ կարգավիճակով առաջին հանրահավաքն էր, երբ Փաշինյանը ստուգում էր, թե 100 օր անց հո բան չի՞ փոխվել, Հանրապետության հրապարակը էլի՞ կլցվի: Այդ ժամանակ էր, որ Փաշինյանը խոստացավ, որ Արցախի հարցում ցանկացած որոշում պետք է քննարկվի և հավանության արժանանա հրապարակում հավաքված ժողովրդի կողմից, և այն հռչակեց «Ագորա»։
2018 թվականի հոկտեմբերի 2-ին Փաշինյանը արտահերթ լայվով հանդես եկավ և իր համախոհներին կոչ արեց շրջափակել Ազգային ժողովը։ ՀՀԿ-ի հրավիրած արտահերթ նիստից հետո, երբ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ պատգամավորները կողմ քվեարկեցին ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխության նախագծին, Փաշինյանի աջակիցները շրջափակեցին ԱԺ-ն:
2019-ի մարտի 1-ին Փաշինյանը, իր բառերով ասած, «Հզոր երթ» հրավիրեց, որը մեկնարկեց Ազատության հրապարակից, 2020-ին ևս պլանավորել էր նմանատիպ երթ, սակայն այն չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով։
2019 թվականի մայիսի 20-ին շրջափակվեցին դատարանները այն բանից հետո, երբ դատարանը ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Աշխատակիցները, դատավորները, փաստաբաններն այդպես էլ չկարողացան դատարանի դռներից ներս մտնել, իսկ ովքեր փորձում էին դա անել, բռնության էին ենթարկվում։
2019 թվականի օգոստոսի 5-ին, Համահայկական խաղերի բացման կապակցությամբ, Փաշինյանը հանրահավաք արեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, հենց այդ օրը հնչեց ճակատագրական «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։
2020 թվականի դեկտեմբերի 19-ին Փաշինյանը մեծաթիվ թիկնապահների ուղեկցությամբ երթ արեց դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան 3-րդ պատերազմում զոհվածների շիրիմներին։
2021 թվականի փետրվարի 25-ին՝ 4 օր առաջ, երբ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը, նա կրկին, հավատարիմ մնալով ժանրի կանոններին, լայվ մտավ ու բոլորին հրավիրեց Հանրապետության հրապարակ։ Հերթական հանրահավաքն էլ այսօր՝ 2021 թվականի մարտի 1-ին է հրավիրել Փաշինյանը։
