«Փաստ». Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին Գյումրիում մեծ արձագանք է ստացել թոշակառու 72-ամյա բնակչուհի Արմենուհի Համբարյանի հետ տեղի ունեցածը։ Տիկինն, օրերս այցելելով պոլիկլինիկա, պարզել է, որ իր նպաստը «կտրել են», և ինքն այլևս չի կարող անվճար դեղորայք ստանալ։ Փորձելով հասկանալ, թե որն է խնդիրը, նա դիմել է Գյումրու միասնական սոցիալական ծառայություն, որտեղ իրեն կոպտել են, հարցրել, թե ում օգտին է քվեարկել վերջերս Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում: Ստանալով իրենց համար ոչ ցանկալի պատասխան՝ հորդորել են գնալ ու նպաստ պահանջել իր նախընտրելի թեկնածուից՝ Մարտուն Գրիգորյանից։
Ստացվում է՝ վաղն էլ կարող են մարդու՝ օրինական կերպով հասանելիք նպաստը կամ կենսաթոշակը ձևակերպելը մատուցել որպես իշխանությունների կողմից մեծ լավություն: Զուգահեռաբար, մեր տեղեկություններով, «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանի կողմնակիցները հետապնդվում են Գյումրիում կայացած ընտրություններից հետո։ Այսպես, աշխատանքից հեռացվել է նրա հորեղբոր որդին՝ Արկադի Գրիգորյանը։ Վերջինս Գյումրու ավտոկայարանի տնօրենն էր։ Երկու օր առաջ ավտոկայարանի աշխատակիցներին է ներկայացվել նոր տնօրենը, և հիմա Գրիգորյանները այլևս որևէ առնչություն չունեն Գյումրու ավտոկայարանի հետ։
Մինչ այդ աշխատանքից հեռացվել էր Մարտուն Գրիգորյանի մեկ այլ թիմակից՝ ծերանոցի տնօրեն Գինուշ Զատիկյանը։ Շարունակվում են նաև Գրիգորյանի հոր, որդու և յոթանասունն անց 4 կին թիմակիցների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները։ Հիշեցնենք նաև ՔՊ-ի կողմից «Մեր քաղաքը» խմբակցության մանդատը խլելու փորձը, ինչը չհաջողվեց նրանց։ Այսպիսով, ինչպես խոսում են Գյումրիում, իշխանությունները հետևություններ են արել Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից և որոշել մինչ խորհրդարանական ընտրությունները ընդդիմադիր պատգամավորի, նրա թիմակիցների և այլ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով «իրավիճակ շտկել» քաղաքում։ Նաև՝ այդպես «պատրաստվել» խորհրդարանական ընտրություններին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
