Փաշինյանն անցել է սպառնալիքների

“Ամբիոնին” հայտնի է դարձել, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հերթական փակ ժողովն է անցկացրել իր թիմակից պառլամենտականների հետ եւ առանձնապես չի քաշվել սպառնալիքների բառապաշարի կիրառությունից։ Մասնավորապես նա կենտրոնացած է եղել այն պատգամավորների վրա, որոնք ունեն ինքնուրույն կարծիք եւ դեմ են ինչպես Ամուլսարի շահագործման այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում։ Փաշինյանը հայտարարել է, որ ով դուրս եկավ ֆրակցիայից պետք է մանդատը վայր դնի, այլապես ամեն բան կարող է շատ վատ վերջանալ, այն դեպքում, երբ ինքնուրույն կարծիք ունեցողները չեն պատրաստվում նման քայլի գնալ, հիմնավորելով, որ իրենք մանդատ ստացել են ոչ թե Նիկոլից ու Աննայից, այլ՝ ժողովրդից։ Փաշինյանի թիրախում հատկապես հասարակության մեջ հեղինակություն վայելողներն են, ովքեր կարող են իր համար խնդիրներ ստեղծել վարկանիշի հարցում։ Թե ինչ է անելու ադեկվատությունը կորցրած վարչապետը դժվար է ասել, սակայն այն որ արդեն սպառնում է, թե չենթարկվեն՝ վատ է վերջանալու իրենց համար, արդեն իսկ խոսում է այն մասին, որ մեղմ ասած՝ “ռեժիմը խուճապի մեջ է”։ Հասկանալի է, երբ խոշոր կորպորացիաները նրան ժամկետ են տալիս, Բոլթոնը հրաժարական է տալիս, ու Պուտինն էլ մյուս կողմից կարող է Երեւան չգալ, Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ ու չգիտի թե ինչ անի։ Եվրոպան էլ հույս չէ, քանի որ եթե նույնիսկ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, Բրյուսելը Մակրոնի բերանով սկսել է խոսել Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ընդհանուր տարածքի մասին, ինչը նշանակում է, որ Փաշինյանի “խաղեր տալու” շանսերը նվազում են կտրուկ կերպով։։ Ամեն դեպքում Փաշինյանը հատկապես պետք է զգույշ լինի շիրակցիներից, որոնք միշտ էլ աչքի են ընկել ըմբոստ կեցվածքով։
