Փաշինյանին հանդիպած 10 «առանձնացյալների» գործարկած կայքի պատասխանատուն Կճոյանի գործավարն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և, ըստ էության, Հայ Առաքելական Եկեղեցուց իրենց դուրս դրած 10 բարձրաստիճան հոգևորականները նոր կայք են գործարկել։

Վերջերս «հայտնված» barenorogum.am կայքում տեղադրված է 10 առանձնացյալ հոգևորականների վերջին հայտարարությունը, որը ստացել է «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին, եպիսկոպոսներին, վարդապետ և քահանա հայրերին, ՀՀ պետական, քաղաքական գործիչներին, մտավորականներին, հավատավոր մեր ժողովրդին» անվանումը։

Կայքի հետ կապված հարցերին, համաձայն զետեղված տեղեկատվության, պատասխանում է Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավար Ալմաստ Մուրադյանը։

24News-ի տեղեկությունների համաձայն, Մուրադյանը իրականացրել է նաև Նավասարդ արքեպիսկոպոսի գործավարի գործառույթները։

24News-ը փորձեց զրուցակցից հետաքրքրվել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում կայքի գործարկումը, ինչի՞ համար է բացվել։

«Կայքը նախատեսված է հայտարարության համար, այն արդեն դրված է, տեսնում եք, եթե ինչ-որ նյութեր լինեն, դրանից արդեն պարզ կլինի, թե որոնք են կայքի նյութերը»,-նշեց նա։

Մեր այն դիտարկմանը, թե արդոք այդ կերպ նշված բարձրաստիճան հոգևորականները Մայր Աթոռից առանձին գործունեություն չե՞ն ծավալում, նա նշեց, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կայք բացել և հայտարարություն դնել։«Որևէ մեկն օրենքով սահմանափակած չէ։ Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ, որ բացի կայք ու դնի հայտարարություն, պետք է Մայր Աթոռից թույլտվությո՞ւն ստանա։ Դա ձեր մեկնաբանությունն է, ինչպես ուզում եք՝ մեկնաբանեք, ես դա չեմ մեկնաբանում», – ասաց Ալմաստ Մուրադյանը։

Վերջում նա նշեց, որ կայքի աշխատանքները որևէ կապ չունեն Արարատյան Հայրապետական թեմի աշխատանքների հետ։

Share This