Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ ՏԻՄ կեղծված ընտրությունները․ Մակունց
Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձեւավորվող ՏԻՄ իշխանություններ. մենք այսօր նման բան չունենք: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունը կքննարկի սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու հարցը:
«Եթե դուք ձեւակերպեք, թե ինչ նկատի ունեք սուպերվարչապետական համակարգ ասելով… Մենք ունեինք ընդդիմություն սուպերվարչապետական համակարգում, որ իր լիազորություններով, գործառույթներով բավականաչափ սահմանափակ էր: Ես երբեւէ չեմ հիշում, որ ընդդիմությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ լինի այնքան ուժեղ, որքան այսօր է: Առանձին գերատեսչությունների առումով մենք ունենք թեկնածուներ, որոնց առաջադրում է հենց ընդդիմությունը, ինչը նախկինում չի եղել:
Այսինքն այն, ինչը մենք համարել ենք սուպերվարչապետական համակարգ, մենք դրանով բոլորովին չենք սպասում, որ կոնկրետ աշխատանքային խումբ ձեւավորվի եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք: Ամենօրյա աշխատանքով մենք փորձում ենք հնարավորինս բալանսավորել իշխանությունը եւ տալ բավականաչափ լիազորություններ ընդդիմությանը, ինչը արվել է նախորդ տարվա ընթացքում»,-ասաց Մակունցը:
