Փաշինյանը Եղեգնաձորում մասնակցել է նորակառույց բժշկական կենտրոնի բացմանը
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բժշկական կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս իր ելույթում նշել է, որ այս բժշկական կենտրոնի պատերին գրված են Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողների անունները, ովքեր մասնակցել են այս կառույցի ստեղծմանը։
«Շատ եմ կարևորում կապը, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում այսպիսի արդյունք»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը ներկայացրել է, թե ինչու է այս բժշկական կենտրոնը կառուցվել. «Մենք արձանագրել ենք, որ Վայոց ձորից ավելի շատ բուժառու գնում է Երևան, քան թե առողջապահական ծառայություն է ստանում տեղում՝ չնայած այն փաստին, որ Վայոց ձորում կան բժշկական կենտրոններ։ Առողջապահության նախարարությունը հետազոտել է և տեսել են, որ այդ առողջապահական կենտրոններում շենքային պայմանները պատշաճ չեն, մասնագիտական բազան պատշաճ չէ»,- ընդգծել է Փաշինյանը։
Ծրագրի արժեքը կազմում է 2,67 մլրդ դրամ: Բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակակից տեխնիկական սարքավորումներով:
