Տան վաճառքից հետո սառցախցիկում հայտնաբերվել են նախկին սեփականատիրոջ 16-ամյա դստեր մարմնի մասերը

ԱՄՆ Կոլորադո նահանգում տան վաճառքից հետո սառցախցիկում մարմնի մասեր են հայտնաբերվել, որը, պարզվել է, պատկանել է տան նախորդ սեփականատիրոջ 16-ամյա դստերը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ամանդա Լիրի Օվերսթրիթի մահը հետաքննվում է որպես սպանություն, և հետաքննությունը շարունակվում է, հայտնել են Մեսա շրջանի շերիֆի գրասենյակից:

Սոսկալի բացահայտումն արվել է հունվարին այն բանից հետո, երբ տունը վաճառվել է նոր սեփականատիրոջը, և այն բանից հետո, երբ նա առաջարկել է անվճար պահել սառցախցիկը, հայտնել են շերիֆի գրասենյակից: Սառցախցիկի ներսում հայտնաբերվել է գլուխ և ձեռքեր։

Ամանդային վերջին անգամ տեսել կամ նրա մասին լսել են 2005 թվականի ապրիլին:

Մեսա շրջանի դատաբժշկական գրասենյակից ուրբաթ հայտնել են, որ մնացորդները նույնականացվել են, և որ մահվան պատճառը հետաքննվում է որպես սպանություն: Դիակի մնացած մասերը չեն հայտնաբերվել։ Գրասենյակը չի նշել մահվան պատճառը, սակայն հայտնել է, որ այժմ ակտիվ հետաքննություն է ընթանում, և լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդի: ԴՆԹ թեստը օգնել է հաստատել աղջկա ինքնությունը:

Ուրբաթ օրը շերիֆի գրասենյակը կրկնել է, որ տունը նոր սեփականատեր ունի, և նա «ոչ մի կերպ կապված չէ այդ դեպքի հետ»:

«Տունը գնվել է, ամբողջությամբ վերանորոգվել և վաճառվել ներկայիս սեփականատիրոջը»,- հայտնել են շերիֆի գրասենյակից:

Share This