ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՀՐԱՄԱՆ ՏԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ, ԴԱ ԿԵՂԾԻՔ Է
Հարցազրույց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ, վերջինս Արցախի փրկության օրակարգով հայաստանյան ընդդիմադիրների սկսած շարժման առաջին օրերից հրապարակում է։
-Պարոն Գալստյան, ինչպե՞ս կգնահատեք պայքարի ընթացքը, շարժման առաջնորդները ամեն օր վստահեցնում են, թե իշխանափոխությունը մոտ է, օրերի հարց է, ձեզ հայտնի՞ է, թե որ օրն է Փաշինյանը հրաժարական տալու, թե՞ դրանք մարտավարական հայտարարություններ են։
-Որ շարժումը գնալով թափ է հավաքում, դա միանշանակ է, բայց նաեւ տեսնում ենք ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառում եւ ակնհայտ է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական պետության հետ որեւէ առնչություն չունի։ Տարիներ առաջ խորհրդարանի դռներն էր բացում ժողովրդի առջեւ, հիմա զոդում ու եռաշերտ, բազմաշերտ պատնեշով փակում ժողովրդի առջեւ, սա խոսում է իշխանության վախերի եւ իրավիճակին չտիրապետելու մասին։ Ժողովուրդն ըմբոստացել է եւ ըմբոստությունը դրսեւորում է բողոքի անհնազանդության ակցիաներով։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կատարում ժողովրդի պահանջը, այլեւ Հայաստանը բռնապետություն է դարձնում։
-Այսինքն՝ դուք հույս չունե՞ք, որ Փաշինյանը հրաժարական կտա։
-Ժողովրդի շարժումն անկասելի է եւ գալու է մի պահ, որ հասկանալու է՝ այլեւս չի վայելում ժողովրդի վստահությունը ու գնալու է։
-Իսկ ո՞նց կմեկնաբանեք, որ Արցախի փրկության օրակարգով շարժմանը հատուկենտ հայտնի արցախցիներ են մասնակցում։ Օրինակ՝ Մովսես Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել է, թե Արցախի նշաձողը ոչ թե իջեցվել, այլ «պոլին» է հավասարեցվել դեռ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությամբ՝ թերեւս ակնարկելով, որ գնացքը գնացել է։
-Որեւէ պայքար իզուր չէ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ապրիլի 14ին Արցախի խորհրդարանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները սկսեցին ինչոր ձեւերով արդարացնել իրենց նախկին հայտարարությունները կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին, ասում էին իբր լավ չենք հասկացել։ Բայց իրականությունն այն է, որ մեր հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ Արցախի ժողովուրդն իրեն թույլ չի տալու նման բան ստորագրել, թե ինչու է Մովսես Հակոբյանը նման բան հայտարարում, պետք է բացատրի ինքը։
-«Ադեկվատ» միաբանության ղեկավարն այսօր հայտարարել է, թե «Բալասանյան» դաշինքի անդամներից մի պատգամավոր, որի անունը չի նշել, իբր ասել է, թե Վիտալի Բալասանյանն է տվել հրամանը, որի հիման վրա մեր զորքերը լքել են իրենց դիրքերը Փարուխում ու փաստացի հանձնել են Քարագլուխը: Հավանաբար նկատի ուներ ձեր «Արդարություն» խմբակցությունը, ժամանակին Բալասանյանը ձեր կուսակցությամբ առաջադրեց իր թեկնածությունը։
-«Ադեկվատ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանն այնքան կտրված է իրականությունից, որ չգիտի՝ Վիտալի Բալասանյան դաշինք չկա Արցախի խորհրդարանում, իսկ եթե մեր խմբակցության մասին է խոսքը, ես համոզված եմ, որ ոչ մի պատգամավոր նման արտահայտություն չի արել եւ այդ անձնավորությունը սուտ է խոսում, կեղծիք է տարածում։ Անվտանգության խորհրդի նախագահը եւ ընդհանրապես այդ կառույցը խորհրդատվական կառույց է եւ Վիտալի Բալասանյանը հրաման արձակելու իրավունք չունի։ Իսկ թե ով է եղել Արթուր Դանիելյանը, քանի ճամբար է փոխել, բոլորս գիտենք, նա քաղաքական պատվեր է կատարում, ինչպես միշտ եւ տարբեր ժամանակներում տարբեր շրջանակների պատվերները կատարելիս միշտ խնդիրներ է ունենում, դրա մասին է փաստում այն, որ այսօր իրապես ադեկվատ մարդիկ այլեւս իր շարժման մեջ չեն, այնինչ 2018 թվականից հետո , իրոք, ադեկվատ մարդիկ էին այնտեղ հավաքվել։ Հիմա էլ ըստ ամենայնի իշխանության պատվերն է կատարում, նման մանիպուլատիվ հայտարարություններով փորձում է ժողովրդին հետ պահել շարժումից։
