Վիետնամում բժիշկները 2-6 ամսական 18 երեխայի սխալմամբ պատվաստել են կորոնավիրուսի դեմ

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բժիշկները սխալմամբ Pfizer-ի և BioNTech-ի արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութը ներարկել են 2-6 ամսական 18 երեխաների, հայտնում է տեղական Vietnam News-ը:

Հանոյի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին։ Այն բանից հետո, երբ մայրաքաղաքի առողջապահության վարչությունն իմացել է սխալ պատվաստման մասին, երեխաները տեղափոխվել են հիվանդանոց՝ հետազոտման և բուժման նպատակով։

Ըստ Հանոյի ազգային մանկական հիվանդանոցի մասնագետների՝ պատվաստվ ած նորածինների վիճակը կայուն է։ Սակայն նրանցից մի քանիսը պատվաստումից հետո ջերմություն են ունեցել, ներարկման տեղում կարմրություն ու այտուց է առաջացել, թեև սրանք պատվաստման սովորական հետևանքներն են, նշում է թերթը։

Վիետնամի առողջապահության նախարար Նգուեն Թան Լոնգն այցելել է հիվանդանոց և տեսակցել երեխաներին։ Նա կոչ է արել մեծացնել հսկողությունը՝ ապագայում նմանատիպ դեպքերը կանխելու և սխալ պատվաստումների համար պատասխանատուներին խստորեն պատժելու համար:

Իր հերթին Վիետնամի առողջապահության նախարարությունը խնդրել է մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտին ուսումնասիրել սխալի պատճառները և որոշել, թե ովքեր են պատասխանատու կատարվածի համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )