ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԲԱՂԵՑՆՈՂԸ ՓՈՐՁԵՑ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՐԱ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատավարության նկատմամբ քաղաքական ճնշումն ակնհայտ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:
Նա անդրադառնալով մեղադրող կողմի մեղադրանքներին, թե պաշտպանական կողմը ձգձգում է գործընթացի նախնական փուլը, փաստաբանն արձանագրեց, որ ի սկզբանե գործը ծավալուն նախնական փուլի էր դատապարտված, ինչի համար կարելի է «շնորհակալություն հայտնել» դատախազությանը եւ ՀՔԾ-ին. «Խախտումների այդքան մեծ քանակություն` մի կողմից եւ դատախազների, եւ դատավորների կողմից մերժման հիմնավորումների այդքան մեծ քանակություն` մյուս: Բացի այդ, կա չորս մեղադրյալ, բոլորն էլ փաստաբաններ ունեն, որոնք պարտավոր են կատարել պաշտպանության գործառույթները: Բոլոր միջնորդությունները ներկայացվել են նոր հիմքերով: Թող դատարանն ու դատախազներն իրենց պահեն այնպես, որպեսզի հիմքեր չտան: Դատավորը նույնիսկ չէր քննի միջնորդությունները, եթե դրանք նույն հիմքերով լինեին: Միջնորդությունների համար բոլոր հիմքերը տալիս են մեր ընդդիմախոսները»։
Նա նաեւ շեշտեց շարունակվող քաղաքական միջամտության մասին. «Դա փաստ է: Բոլորը տեսան, թե ինչպես են վարչապետի աթոռը զբաղեցնողը եւ պատգամավորն իշխանությունից Հանրապետության հրապարակից փորձեցին ճնշում գործադրել դատարանի վրա: Որտե՞ղ եք տեսել նման բան: Ինչո՞ւ դատախազները չեն խոսում այդ մասին»։
