Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն այսօր՝ ապրիլի 12-ին, հյուրընկալել են ԵՄ-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքապետերը հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագրի «Համայնքային վերափոխումների պորտֆելի» աշխատանքային թիմին և միջազգային փորձագետներին:
Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյանը կարևորել է ծրագիրը թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ քաղաք այցելող զբոսաշրջիկների համար, միաժամանակ նշել, որ դրա իրականացումը կլրացնի այն բացը, որ զբոսաշրջային ուղղությունում առկա է քաղաքում:
Ծրագրի կարևորության, քաղաքի համար դրա նպատակայնության ու արդյունավետության մասին իր խոսքում նշել է նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը:
Նշենք, որ Գյումրի այցին նախորդել էր աշխատանքային խմբի հանդիպում քննարկումը Կապանում,որին մասնակցել է նաև Գյումրու թիմը: Կապանում անցկացված աշխատաժողովի ընթացքում քննարկվել ու մշակվել են ծրագրի հաջորդ փուլի իրականացման ուղղությունները, տարբերակները, մեխանիզմները: Աշխատանքային թիմերը այնուհետ եղել են նաև Արենիում:
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարին ներկայացվել է Կապանում տեղի ունեցած աշխատաժողովի մանրամասներ, քննարկվել ծրագրերին առնչվող հարցեր ու բաղադրիչներ: Ծրագիրը Գյումրիում իրականացվում է Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի համակարգմամբ: Համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն իր խոսքում առանձնացրել է ծրագրային այն կետերը, որոնք քննարկվել ու նախանշվել են և դեռևս քննարկման փուլում են:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Գյումրու մշակութային կառույցներում, ծանոթացել քաղաքի մշակութային ժառանգությանը, ինչպես նաև եղել են այն կետերում, որտեղ ծրագրի շրջանակներում իրականացվելու են վերափոխման աշխատանքներ: