Վատ աղբահանությունը տարափոխիկ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ

Վատ աղբահանությունը տարափոխիկ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ. Աննա Հարությունյան Երեւանի քաղաքային իշխանություններն արդեն մի քանի օր է, ինչ ահազանգում են, որ քաղաքի աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերությունը չի իրականացնում պատշաճ կերպով իր պարտականությունները, որոնք ստանձնել է որպես աղբահանությամբ զբաղվող ընկերություն պայմանագրով։ Այս մասին արդեն ահազանգում է նաեւ Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասել է, որ ստեղծված հակահիգիենիկ վիճակը կարող է վտանգներ առաջացնել Երեւանի բնակիչների համար եւ դառնալ տարափոխիկ հիվանդությունների բռնկման պատճառ։ «Քանի որ մեր նպատակը կանխարգելելն է, մենք չենք սպասելու մինչև ունենանք բազմաթիվ հիվանդություններ կամ աղիքային վարակի բռնկում, որոնք կապված կլինեն վատ աղբահանության հետ: Տուլարեմիա կարող է առաջանալ կրծողների միջոցով: Բացի վարակիչ հիվանդություններից, տարածվող հոտը ասթմատիկ հիվանդություններ ունեցողների մոտ սրացնում է ասթման: Կարող են նյարդային համակարգի լուրջ խնդիրներ առաջանալ: Դրա հետևանքները մենք կտեսնենք ապագայում»,- մասնավորապես ասել է Աննա Հարությունյանը: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, «Սանիտեքը» պատրաստվում է աշխատել Վրաստանում։
