Վանաձորում թալանել են տեղի թատրոնի դերասանուհու բնակարանը. հափշտակել են ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ Ալլա Դարբինյանը և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված հասցե են ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 19։00-ց մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 00։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են Ա. Դաբինյանին պատկանող 3-րդ հարկի բնակարան (պատշգամբի կողմից) և ննջասենյակից հափշատակել ոսկյա իրեր և մոտ 2 մլն ՀՀ դրամ։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դարբինյանն աշխատում է Վանաձորի պետական թատրոնում՝ որպես դերասանուհի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )