Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ մեղադրանքից հանվել է «պետությանը պատճառված հանրային վնասը» ձևակերպումը
Անցած շաբաթ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց նրա պաշտպանը։
Նա ասաց, որ մեղադրանքից հանվել է «պետությանը պատճառված հանրային վնասը» ձևակերպումը:
Փաստաբան Տիգրան Եգորյանն անդրադառնալով «Սիներջիի» գործով մյուս մեղադրյալների մեղադրանքներին՝ նշեց․ «Ստացվում է, որ, ըստ էության, մարդիկ իրենց ցուցմունքներում ասում են, որ մեղավոր չեն, սակայն, որպեսզի վերջում կարողանան ազատվել այս պատմությունից, ասում էին, որ համաձայն էին, որ այս հիմքով կարճվի քրեական հետապնդումը մեր նկատմամբ։ Իսկ երբ ուսումնասիրում ենք տեսանյութերը, որոնք կոչվում են ցուցմունքներ, ստանում ենք հաստատում մեր առաջին կանխավարկածի, որ դրանք ոչ թե հարցաքննությունն են, այլ քարոզչական բնույթի ցանկալի տվյալների արձանագրում, նույնիսկ, երբ դրանք տարբերվում են հարցաքննված անձի բանավոր հայտնած տվյալներից։ Այսպիսի մակարդակում է իրականացվում այս քրեական հետապնդումը, որն աստիճանաբար ավարտվում է։ Ում նկատմամբ ինչպես ստացվի․ ով համաձայնում է զղջալով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կարճվում է, ով ավելի դիմացկուն է, արդարացման հիմքով է կարճվում։ Այս որոշումներն այն մասին են, որ, ըստ էության, պետությանը որևէ վնաս չի պատճառվել, չկա հնարավոր վտանգավորություն այս արարքների, հակառակ դեպքում այս հիմքով հնարավոր չէր լինի կարճել քրեական հետապնդումը»։
Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների գործով:
Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում էր կայացրել, ապրիլի 13-ին խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:
