Սպիտակ շոկոլադի գործածությունն օգնում է նիհարել. գիտնականներ
Մարդիկ հաճախ են հրաժարվում սպիտակ կամ կաթնային շոկոլադից՝ նախապատվությունը տալով դառը շոկոլադին կամ շոկոլադի մուգ տեսակներին, քանի որ դրանք համարվում են շատ ավելի օգտակար, սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել, որ սպիտակ շոկոլադը նույնպես կարող է օգտակար լինել՝ ազատելով ավելորդ կիլոգրամներից:
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են FASEB Journal հեղինակավոր գիտական պարբերականում, անցկացրել են ամերիկացի ու իսպանացի գիտնականները: Փորձագետներն անցկացրել են ռանդոմիզացված, պլացեբո վերահսկվող գիտափորձ, որին մասնակցել է հետդաշտանադադարային տարիքի 19 կին: Գիտափորձի ընթացքում կանայք 100 գրամ շոկոլադ էին օգտագործում առավոտյան արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում կամ քնելուց առաջ մեկ ժամվա ընթացքում:
Գիտնականները համեմատել են քաշի ավելացման մակարդակներն ու մի շարք այլ առանձնահատկություններ, որոնք կապված են եղել շոկոլադից հրաժարվելու հետ: Արդյունքում պարզվել է, որ առավոտյան կամ երեկոյան շոկոլադ ուտելը չի հանգեցնում քաշի ավելացման: Ավելին՝ առավոտյան կամ երեկոյան շոկոլադ ուտելու սովորությունն ազդում է քաղցի ու ախորժակի, աղիների միկրոբիոմի, քնի որակի ու այլ ցուցանիշների վրա, որոնք շատ կարևոր են քաշի կարգավորման հարցում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ առավոտյան շոկոլադ ուտելն օգնում է այրել ավելորդ ճարպերն ու նվազեցնել արյան մեջ շաքարի ցուցանիշները, մինչդեռ երեկոյան շոկոլադ օգտագործելն օգնում է փոփոխել նյութափոխանակությունը հաջորդ առավոտյան ու ֆիզիկական ակտիվությունների ժամանակ: Այս հետազոտության արդյունքները փաստում են, որ մարդու արտաքինի, ինչպես նաև քաշի կարգավորմանը մասնակցող ֆիզիոլոգիական մեխանիզմների վրա կարող է ազդել ոչ միայն օգտագործած սնունդը, այլև դրա ընդունման ժամը, ուստի սննդի որակից ու քանակից բացի հարկավոր է ուշադրություն դարձնել նաև դրա ընդունման ժամին:
