Սպանիել ցեղատեսակի այս ներկայացուցիչները հայտնի են դարձել սոցցանցում չափազանց երկար թարթիչների շնորհիվ (տեսանյութ)
Կոկեր սպանիել ցեղատեսակի շներին բնորոշ են երկար ու գեղեցիկ թարթիչները, սակայն նրանց ներկայացուցիչներից երկուսի՝ Քլոեի և Նենայի թարթիչներն արտասովոր երկար են, ինչի շնորհիվ շները մեծ հայտնիություն են ձեռք բերել սոցցանցում:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, զույգ շները ոչ միայն գեղեցիկ թարթիչներ ունեն, որոնց երկարությունը հասնում է 6 սմ-ի, այլ նաև սիրում են, երբ տիրուհին հարդարում է իրենց: 22-ամյա Վիտորիա Դի Կաստրին անգամ սևաներկ է քսում նրանց թարթիչներին՝ ընդգծելու բնական գեղեցկությունը:
Հետևորդներից ոմանք կասկածում են, որ թարթիչներն իրական են, սակայն Դի Կաստրին պնդում է, որ դրանք բնական են: Տիրուհու խոսքով՝ ինքը երբեմն ստիպված է լինում կարճացնել ու սանրել դրանք: Նա նշում է, որ շներից մեկի մոտ թարթիչները երկար են եղել հենց ծննդյան պահից, իսկ մյուսի մոտ սկսել են երկարել երկու ամսականում:
