Սոֆյա Հովսեփյանին ոստիկանները բերման ենթարկեցին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գորիսի անվտանգության խորհուրդը իրազեկման ցույց է իրականացնում: 44 րոպեով Երեւանում փողոցներ էին փակվել, փակ էր Արշակունյաց պողոտան: Այսպիսով, ցուցարարները քաղաքացիներին երեկոյան 17.00-ին հրավիրում են Հանրապետության հրապարակ՝ կասեցնելու սահմանազատման եւ սահմանագծման՝ ժողովրդի թիկունքում ընթացող գործընթացը: Ոստիկանները «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին հորդորում էին՝ հանել մեքենան ճանապարհի երթեւեկելի հատվածից: Նա հրաժարվեց՝ ասելով, որ ցույց է իրականացնում, որի ավարտին դեռ 10 րոպե կա: Ոստիկանները նրան բերման ենթարկեցին, իսկ ցույցին մասնակցող մեքենան խոստացան ամբարձիչ մեքենայով հեռացնել: «Ես կգամ՝ մեքենայիս ղեկին նստած»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը: Նրան բերման ենթարկեցին ոստիկանական մեքենայով՝ ոստիկանության Էրեբունու բաժանմունք: Սոֆյա Հովսեփյանը ցույցի այլ մասնակիցներին հորդորեց՝ հստակ պահել սահմանված 44 րոպեն:
Արդեն ոստիկանության մեքենայի մեջ, Սոֆյա Հովսեփյանը ոստիկաններին էլ հորդորում էր հասկանալ, որ երկիր ենք կորցնում եւ միանալ ցույցին: Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում տարբեր փողոցներ փակելու ցույցի 18 մասնակիցների:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )