Սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ այտուցների պատճառ
Հացաբուլկեղենի գործածությունից հետո ինսուլինի կտրուկ արտազատումը կարող է հանգեցնել օրգանիզմում հեղուկի կուտակման։ Բացի այդ, այտուցներ կարող են առաջանալ նաև կաթ նկատմամբ անհանդուրժողականության առկայության դեպքում այս մթերքն օգտագործելու պարագայում: Այս մասին aif.ru-ի հետ զրույցում նշել է ալերգոլոգ-իմունաբան Յուլիա Մինևիչը։
Մասնագետի խոսքով՝ այտուցների առաջացման պատճառները կարող են տարբեր լինել։ Դրանց շարքին են դասվում մազանոթներում ճնշման բարձրացումը, արյան պլազմայում սպիտակուցների (ալբումինի) պարունակության նվազումը կամ բորբոքային գործընթացի հետևանքով մազանոթների թափանցելիության բարձրացումը: Սակայն մեծ նշանակություն կարող է ունենալ նաև սննդակարգը։ Օրինակ՝ բարձր գլիկեմիկ ինդեքսով ածխաջրերը (սպիտակ հաց, քաղցրավենիք, թխուկներ) հանգեցնում են արյան մեջ ինսուլինի մակարդակի կտրուկ բարձրացման, ինչն էլ նպաստում է օրգանիզմում նատրիումի և ջրի պահպանմանը: Բացի այդ, նատրիումով հարուստ են նաև աղի սննդամթերքի տեսակները (տարատեսակ նախուտեստներ, երշիկեղեն, պահածոներ, չիպսեր և այլն), ուստի ցանկալի է ուտեստների մեջ աղը փոխարինել համեմունքներով և խոտաբույսերով։
Օրգանիզմում հեղուկի կուտակման կարող է հանգեցնել նաև ալկոհոլի գործածությունը, ինչը պայմանավորված է նրանով, որ ոգելից խմիչքները ջրազրկում են օրգանիզմն ու խանգարում էլեկտրոլիտային բալանսը։
Բացի այդ, ոմանց մոտ կարող է նկատվել կաթնաշաքարի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականություն կամ ալերգիա կաթնային սպիտակուցից, ուստի կաթնամթերքը նրանց մոտ կարող է բորբոքման ու այտուցների պատճառ դառնալ։
Որոշ դեպքերում այտուցները կարող են տեսանելի չլինել անզեն աչքով և դրանց մասին կարող են հուշել առանց որևէ ակնհայտ պատճառի քաշի ավելացումը կամ ձեռքերի և ոտքերի հատվածում ծանրության զգացումը: Եթե կան կասկածներ, որ այտուցը պայմանավորված է որոշակի մթերքով, ապա խորհուրդ է տրվում այն մի քանի շաբաթով բացառել սննդակարգից։ Փոփոխություններ չնկատելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետին։
