Սննդաբանը ներկայացրել է՝ ինչ են ձգվածքներն ու ինչպես կարելի է խուսափել դրանց առաջացումից
Ձգվածքները զուտ կոսմետիկ խնդիր են, սակայն դրանք բավական տհաճ հույզերի պատճառ կարող են դառնալ յուրաքանչյուրի համար: Ընդ որում՝ որպես կանոն այս տհաճ երևույթին բախվում են կանայք: Սննդաբան Ալբինա Կոմիսարովան իր ինստագրամյան էջում անդրադարձել է ձգվածքների խնդրին՝ նշելով, թե որոնք են դրանց առաջացման պատճառներն ու ինչպես կարելի է պայքարել դրանց դեմ:
Վիճակագրական տվյալներով՝ կանանց 50-90% բախվում են ձգվածքների խնդրին: Սա նշանակում է, որ ձգվածքների դեմ պայքարում է առնվազն յուրաքանչյուր երկրորդը:
Մասնագետի խոսքով՝ առավել հաճախ ձգվածքներն առաջանում են ծննդաբերությունից կամ քաշի կտրուկ ավելացումից հետո: Դրանք վտանգավոր չեն առողջության համար և համարվում են զուտ կոսմետիկ խնդիր, սակայն կանայք այնուամենայնիվ փորձում են ազատվել դրանցից:
Ձգվածքների առաջացման դեմ կանայք շատ հաճախ փորձում են պայքարել տարբեր քսուքների, յուղերի կամ մերսման միջոցով, սակայն մասնագետն ընդգծում է, որ այս մեթոդները գրեթե չեն ազդում մաշկային այս խնդրի առաջացման հավանականության վրա: Սննդաբանի խոսքով՝ մաշկը խնամելը, սնուցելն ու խոնավեցնելը, իհարկե, շատ կարևոր է, սակայն նման միջոցները չեն կանխի ձգվածքների առաջացումը:
Ձգվածքների առաջացման հավանականության վրա ազդող գործոնների թվում են.
- կնոջ քաշը. ավելորդ քաշի ու ճարպակալման դեպքում ձգվածքների առաջացման հավանականությունն ավելի բարձր է լինում,
- տարիքը. այս խնդրի զարգացման հավանականությունն ավելի բարձր է լինում երիտասարդ տարիքում,
- գենետիկ նախատրամադրվածությունը. շատերի մաշկը գենետիկորեն հակված է նման խնդիրների առաջացման, ուստի որևէ միջոց չի օգնի խուսափել դրանցից,
- բազմապտուղ հղիությունը. այս դեպքում մաշկը նորմայից շատ է ձգվում, ինչի հետևանքով վնասվում է և պատվում ձգվածքներով:
Ինչպես ընդգծում է սննդաբանը՝ ձգվածքներից խուսափելու որևէ միջոց չկա, սակայն կարելի է հնարավորինս քիչ հետևել խիստ դիետաներին ու խուսափել քաշի կտրուկ տատանումներից՝ դրանով իսկ նվազեցնելով այս տհաճ խնդրի առաջացումը: Հնարավոր չէ նաև ամբողջությամբ ազատվել դրանցից, քանի որ առայժմ չկա որևէ մեթոդ, որը կօգնի վերականգնել մաշկը:
Ձգվածքներն ավելի քիչ նկատելի դարձնելու համար այժմ առաջարկվում են բազմաթիվ մեթոդներ, սակայն դրանցից առավել արդյունավետ է համարվում լազերային միջամտությունը, որի շնորհիվ կարելի է նվազեցնել ձգվածքների տեսանելիություն 50-70%-ով: Այնուամենայնիվ անգամ այս պրոցեդուրան ամբողջությամբ չի վերացնում խնդիրը, ուստի մասնագետը պարզապես խորհուրդ է տալիս հաշտվել այս աննշան խնդրի առկայության մտքի հետ և պարզապես թույլ չտալ, որ այն որևէ կերպ ազդի կյանքի որակի վրա:
