ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու առողջական վիճակում նկատելի է դրական փոփոխություն։ Այս մասին հայտարարել է բժիշկ Սանդրո Ցիսկարիձեն։ «Ընդհանուր միտումը դրական է, սակայն որոշակի նյարդաբանական խախտումներ շարունակում են պահպանվել, որոնց հաղթահարման համար, բնականաբար, անհրաժեշտ է ժամանակ»,- Грузия Online-ի փոխանցման համաձայն, ասել է բժիշկ Ցիսկարիձեն։ Վերջինս, սակայն, չի կարողացել պատասխանել այն հարցին, թե արդյոք Սահակաշվիլին ի վիճակի կլինի մասնակցել իր հետ կապված դատական նիստին, որը տեղի է ունենալու մի քանի օրից։ «Այս պահին դրա մասին խոսել հնարավոր չէ։ Ես նշեցի, որ ամեն օր մենք սպասում են փոփոխություններ, հետեւաբար, նախապես կանխատեսել ինչ որ բան չի կարելի»,- ասել է Սանդրո Ցիսկարիձեն։
