Ռուսական բանակը պատրաստվում է խոշոր հարձակման. Ավստրիացի սպա
Ռուսական զորքերը հյուծում են Ուկրաինայի զինված ուժերը և պատրաստվում են խոշոր հարձակման, ZDF-ին տված հարցազրույցում ասել է Ավստրիայի զինված ուժերի գնդապետ Մարկուս Ռայսները։
«Ուկրաինայի զինված ուժերը ճնշման տակ են մի քանի ճակատներում։ Նրանց հիմնական խնդիրը ռազմական օգնության բացակայությունն է, և առաջին հերթին զինամթերքի բացակայությունը»,- ասաց նա:
Գնդապետը երեք մակարդակով վերլուծել է Ռուսաստանի գործողությունները: Տակտիկական մակարդակում ռուս զինվորականները փորձում են հարձակվել մեքենայացված կազմավորումներով։ Օպերատիվ մակարդակում նրանք միաժամանակ զորքեր են տեղակայել 1200 կմ երկարությամբ ռազմաճակատի տարբեր հատվածներում, որպեսզի ստիպեն Ուկրաինային մասնատել իր թանկարժեք պաշարները: Ռազմավարական մակարդակում և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան փորձում են համալրել իրենց պաշարները։
Նա կարծում է, որ երբ հողը չորանա, ռուս զինվորականները լայնածավալ հարձակման կանցնեն։
Երեքշաբթի օրը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հունվարից Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 80 հազար զինվորական, 14 հազար միավոր տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ ավելի քան 1200 տանկ։ և այլ զրահատեխնիկա։
Նա նաև հայտարարեց, որ ուկրաինացիները, ամառային հակահարձակման ձախողումից հետո, անհաջող կերպով փորձում են որոշակի գծերում դիրքեր գրավել, իսկ ռուս զինվորականները շարունակում են Ուկրաինայի զինված ուժերը մղել դեպի արևմուտք։
