ՌԴ Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչուները գրոհել են լոկոմոտիվային դեպոն

Ուկրաինական բանակը երկու անօդաչուով հարվածել է Ռուսաստանի Ռոստովի մարզի Սալսկ քաղաքին, հայտնել է նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։ Անօդաչուներից մեկը հարվածել է լոկոմոտիվային դեպոյին, դեպոյի տարածքի կառույցների ապակիները կոտրվել են, հայտնում է «Կոմերսանտը»։

Սլյուսարը նշել է, որ դեպոյի վրա հարձակման հետևանքով հրդեհ չի բռնկվել։ Նախնական տվյալներով, ոչ ոք չի տուժել։

Երկրորդ անօդաչուն խոցվել է Սալսկին մոտենալու պահին, տուժածներ և ավերածություններ չկան։ Դրանից երկու ժամ առաջ Ռոստովի մարզի Ուստ-Դոնեցկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգերն անօդաչու էին խոցել, այդ դեպքում ևս տուժածներ և ավերածություններ չեն եղել։

Տարածաշրջանի ղեկավարը նախօրեին հայտնել էր, որ դեկտեմբերի 28-ի գիշերը Ռոստովի մարզի երկնքում 17 անօդաչու են խոցել։ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել նաև Բելգորոդի և Վորոնեժի շրջաններում։ Ընդհանուր առմամբ, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, գիշերվա ընթացքում 56 անօդաչու է խոցվել։

Share This